Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը ընդամենը 96-ն է

28-10-2021 11:17

Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային վիճակը ՀՀ-ում ծայրահեղ լարված է: Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց իրավիճակը: «Երեկ իրականացվել է 15 818 թեստավորում, որից դրական դեպք հայտնաբերվել է 2307-ը: Ցավոք սրտի, արձանագրվել է 38 մահ: Ունենբ 962 առողջացած քաղաքացիներ: Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են covid պացիենտներին: Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին գրեթե անընդհատ զբաղված են: Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ՝ 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի: Այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե հիվանդության ընթացքի ծանրության առումով, թե վարակելիության առումով, թե տարիքային առումով մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում: Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ: Եվ այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»,- ասաց Ավանեսյանը: Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ այս պահի դրական ու ակտիվ դեպքերից 30 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են: Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը ընդամենը 96-ն է: Եվ վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ կա ընդամենը 5 հոգի, ովքեր պատվաստված են: Այնինչ, վերակենդանացման բաժանմունքներում այսօր 1500 պացինետներ են բուժում ստանում:

Lragir.am,
28-10-2021 11:17