Քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու կարգ սահմանելու հարցը. Նիկոլ Փաշինյան

28-10-2021 11:32

Քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու կարգ սահմանելու հարցը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ շատ կարևոր է արձանագրել, թե մեր ռազմավարական պատկերացումը իրավիճակի կառավարման հետ կապված որն է: Իհարկե, այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոկդաունի տրամաբանության: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոկդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացում, և չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում, չի բացառվում, որ մենք առաջիկայում գնանք համընդհանուր նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար, ոչ թե խնդիրն այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, բայց երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել: Սա քննարկում ենք և չենք բացառում, որ որոշում կայացնենք»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ կարևոր մոտեցումը, սակայն, պատվաստումներն են: «Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և նաև ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ ունենալ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստվելու անհրաժեշտ պատվաստանյութեր: Եվ մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ այս պատվաստումների ուղղությամբ: Իհարկե, ես չգիտեմ՝ ինչքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ, բայց ես ուզում եմ կիսվել անձնական փորձառությամբ: Ես նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի վեց անդամներից ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից: Եվ վերջերես պատահեց այնպես, որ 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավական ուշ՝ մոտ մեկ շաբաթ անց: Ամեն օր ընտանիքում շփում, թե այդ շփումն ինչքան սերտ է լինում, գիտենք յուրաքանչյուրս, և մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով: Մյուս կողմից, մենք բոլորս կարող էինք վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավարում չվարակվելուց: Կոնկրետ մենք մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյուավետությունը»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա, հետևաբար, կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ պետք է դիմակների կրման պայմանները խստացնել, երկրորդ՝ գնալ պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով: Ըստ նրա՝ պատվաստումների գործընթացում կան նաև չարաշահումներ: «Ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք՝ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված: Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի և կեղծ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքեր: Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց մենք դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, բացում են սրվակը, դատարկում են: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- ասաց նա:

Lragir.am,
28-10-2021 11:32