100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան

28-10-2021 00:05

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Այս համաձայնագրով ֆինանսավորման շրջանակներում 100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան՝ հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել էն նոր տրանսպորտային ցանց: Եվ առաջարկվել է այդ ցանցը գործարկելու համար գնել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ դեռ 2015 թվականից այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունեցել: Նախարարի խոսքով՝ ընդհանուր հաշվով բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո գումար: «Այս համաձայնագրերը վերաբերում են ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, 5 մլն-ը՝ դրամանշնորհ: Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է: Դրանք կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են մեր բոլոր հայրենակիցների համար: Դեռևս փետրվարին հայտարարվել է մրցույթ, և գործընթացը մրցութային փուլում է գտնվում: Այսպիսով՝ երկու համաձայնագրեր են, մեկը վարկային, որը կնքվում է ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև, խոսքը 20 մլն եվրոյի մասին է՝ 15 տարի ժամկետով: Եվ երկրորդ համաձայնագիրը դրամաշնորհային է, որը կնքվում է ՎԶԵԲ-ի, ՀՀ-ի և Երևանի ավոտբուս ՓԲԸ միջև: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ սա կառավարութան հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որպեսզի կարողանան տրանսպորտային ցանցի՝ իր առջև դրված խնդիրները լուծել և ամբողջովին նոր ավտոբուսներով, նոր պարկով երթուղային ցանց ունենալ»,- ասց Սանոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկն ավելին է: «Եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա Երևանում: Եվ այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ, ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ: Եվ աշխատելու է միասնական տոմսային համակարգով: Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել: Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է: Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս: Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են: Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի, հետո 10 տարի հետո էլի ավտոբուս ձեռք բերի: Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում: Սա՝ որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որ այս համակարգը նաև որոշակի եկամուտներ գեներացնի: Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այս խնդիրն առաջադրել են Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ներդրվի գործուն համակարգ:

Lragir.am,
28-10-2021 00:05