Կոշ և Հրազդան քրեակատարողական հիմնարկները փակվում են

28-10-2021 00:37

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կոշ և Հրազդան քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ այս որոշման կայացմամբ 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: «Բայց այս նախագիծը միայն գումարի խնայման մասին չէ, սա շատ կարևոր սկիզբ է նաև քրեակատարողական համակարգի հետագա բարելավման ու ռեֆորմների համար: Մենք ունենք 12 քրեակատարողական հիմնարկներ, և եթե Կոշ ու Հրազդան ՔԿՀ-ների գործունեությունը դադարի, մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով և որոնց պայմանները, կառավարումը լավացնելով՝ մենք կկարողանանք հետագայում էլ ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ: Նաև սա հնարավորություն կտա լուծել այդ համակարգում աշխատողների մի շարք կարևոր հարցեր: Որպեսզի հիմնավոր թվա այդ կրճատումը մեր քաղաքացիներին, տեղեկացնեմ, որ մենք այսօր ունենք 5346 լրակազմ, այսինք՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները: Բայց իրականում այն համալրված է 2113-ով: Եվ գրեթե մեր բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ տեղերը դատարկ են: Սա, իհարկե, հետևանք է վերջին տարիներին քրեական արդարադատության ոլորտում արված մի շարք բարեփոխումների և տքնաջան աշխատանքների: Եվ այդ աշխատանքների արդյունքում, քանի որ մեր քրեական արդարադատությունը եղել է շատ մարդակենտրոն, մենք ունեցել ենք այսպիսի բեռնաթափում»,- ասաց նա: Կարեն Անդրեասյանը հավելեց, որ տարիներ առաջ ՔԿՀ-ներում կար 4530 կալանավոր և դատապարտյալ: Իսկ այսօր նրանց թիվը գրեթե կիսով չափ նվազել է: Ըստ նրա՝ վերոնշյալ ՔԿՀ-ները փակելու դեպքում 280 հաստիքի կրճատում է լինելու: Սա կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ: «Բայց նաև մենք այստեղ խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնելու նաև քրեակատարողական հիմնարկներում: Այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում: Եվ մենք այստեղ էլ ունենք խնդիր կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ բարեվարքության կասկածներ կան, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ արդեն պրոֆեսիոնալ գործող աշխատակիցների համար»,- նշեց նախարարը: «Կարծում եմ՝ շատ լավ ու սիմվոլիկ որոշում է, որ մենք վատ հեղինակություն ունեցող երկու քրեակատարողական հիմնարկներ ուղղակի փակում ենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են:

Lragir.am,
28-10-2021 00:37