Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին և սպասում է դրական ազդակի. Արմեն Գրիգորյան

28-10-2021 13:16

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը: «Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից», – ասաց Գրիգորյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն այդ մասին ՄԱԿ-ում է հայտարարել, սակայն գործընթացն առաջ չի շարժվում: «Կարծես սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ: Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը», – ասաց Գրիգորյանը: Միաժամանակ, նա նշեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիան 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը: Ըստ ԱԽ քարտուղարի, քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում:

Lragir.am,
28-10-2021 13:16