Սյունիքում զորքերը հետ քաշելու որոշումը հիմնավոր է եղել․ Արմեն Գրիգորյան

28-10-2021 13:50

Սյունիքում զորքերը հետ քաշելու որոշումը հիմնավոր է եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիրգորյանը: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասել է, որ իր պատասխանատվությամբ է որոշվել նախորդ տարվա դեկտեմբերին, որ հայկական զորքերը Սյունիքում պետք է հետ քաշվեն: «Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը, կայացվել է պատերազմից խուսափելու համար: Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»: Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ հարցով Անվտանգության խորհրդի առանձին նիստ չի գումարվել, բայց որոշումը քննարկումների արդյունքում է կայացվել: «Անվտանգության անդամները մասնակցել են այդպիսի քննարկումներին, և ընդհանուր երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացվել է: Ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել, ռազմական գաղտնիք է, բայց հիմնավոր է այդ որոշումը: Բոլոր գործոնները հաշվի առնելով է այդ որշումը կայացվել, այդ որոշման կայացմանը մասնակցել է և Պաշտպանության նախարարությունը, և Գլխավոր շտամբը, եզրահանգումը հիմնված է եղել բազմակողմանի քննարկման վրա»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Lragir.am,
28-10-2021 13:50