Նոր ձեռքբերումներ հայկական չրարտադրության ոլորտում  «EU4Business. առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում

28-10-2021 14:04

2021 թ․-ի առաջին կիսամյակում 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից չորացրած մրգի և բանջարեղենի արտահանման մաքսային արժեքն աճել է մոտ 77%-ով: Մի շարք ընկերություններ գրանցել են նաև արտահանման ծավալի աճ: Օրինակ, «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիան՝ անցած տարվա համեմատ այս տարի արդեն 20-30% արտահանման ծավալի աճ է գրանցել: Հատկապես աճել է հայկական ծիրանաչրի պահանջարկը: 2020 թ․-ին ասոցիացիան Միացյալ Թագավորություն է արտահել 500 կգ ծիրանաչիր, իսկ 2021թ․-ին արդեն ստացել է մինչև 2 տոննայի պատվեր: Պահանջարկն աճել է նաև այն բանի շնորհիվ, որ արտահանվող «Երևանի» տեսակից պատրաստված ծիրանաչիրը մրցակցային առավելություն ունի Եվրոպական միության շուկաներում: Այն ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի առողջարար է: Միացյալ Թագավորություն «Երևանի» տեսակի ծիրանաչրի արտահանման սկիզբը դրվել է «BIOFACH 2019» օրգանական սննդամթերքի առաջատար ցուցահանդեսի ժամանակ, որի շրջանակում «Լուկաշին» ասոցիացիան կապեր է հաստատել իր գործընկերոջ հետ: Ասոցիացիան ցուցահանդեսին մի շարք այլ հայաստանյան արտադրողների հետ մասնակցում էր «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար»  (EU4Business) նախաձեռնության շրջանակում: Ծրագրի շրջանակում արդեն մի շարք չրարտադրողներ բարելավել են արտադրության որակը՝ ներդնելով միջազգային տեխնոլոգիաներ և ստանդարտներ: Օրինակ, նրանցից մի քանիսը ներդրել են մրգի կեղևազատման ավտոմատացված համակարգ, ինչը նվազեցնում է որոշ տեսակի չրերի ինքնարժեքը: Որոշակիորեն փոփոխվել է նաև մրգի և բանջարեղենի չորացման եղանակը, ինչը թույլ է տալիս ապահովել տարբեր շուկաների համար նախընտրելի խոնավության և փափկության մակարդակ: Ավելին, բացի բուն չրից հայաստանյան ընկերություններն այժմ արտադրում են նաև բազմատեսակ չրային արտադրանքներ՝ օրինակ չրային կոնֆետներ, ընկուզեղենով պատրաստված չրային նախուտեստներ և նոր տեխնոլոգիայով պատրաստված մրգային լավաշներ: Տեղական արտադրության մեջ այս մեթոդների ներդրմանը մեծապես նպաստել են «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, ուսումնական այցը դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն, որը չրարտադրության ոլորտում առաջատարներից է, և միջազգային փորձագետների շարունակական խորհրդատվությունները: «Հիմնական ձեռքբերումը, որ նկատեցի վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ, կեղևազատման ավտոմատացված համակագի ներդրումն էր որոշ արտադրողների կողմից»,-նշում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից  չրարտադրության ոլորտում առաջատար միջազգային փորձագետ Անտոն Էրվեն, ով երեք տարի շարունակ խորհրդատվություն է տրամադրել ծրագրի շահառու ընկերություններին: «Հայաստանում սա նախկինում արվում էր ձեռքով, ինչը բավականին ծախսատար գործընթաց է, քանի որ ավելի շատ միրգ է օգտագործվում: Ավտոմատացված համակարգի ներդրումը էականորեն կրճատում է հատկապես որոշ տեսակի չրերի ինքնարժեքը»,- ավելացնում է փորձագետը: Անտոն Էրվեի խոսքով՝ հայկական չիրը մրցունակ է Եվրոպական միության անդամ-պետություններ, ինչպես նաև ցանկացած այլ երկիր արտահանման համար: Հաջողության հասնելու համար նա խորհուրդ է տալիս հետևել այս շուկաներում պահանջված ստանդարտներին՝ հատկապես չրի խոնավության ապահովման առումով: «Աշխարհում չրի սպառումը պանդեմիայի սկսելուց հետո զգալիորեն ավելացել է, և ես ակնկալում եմ, որ այս միտումը կշարունակվի: Տվյալ արտահանման շուկայում գործընկերներ գտնելը և նրանց հետ կապեր հաստատելը չափազանց կարևոր է: Քիչ հավանական է, որ հաջողության կհասնես մի շուկայում, որտեղ արտադրանքդ ճանաչելի չէ», – նշում է Անտոն Էրվեն: «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող ութ ընկերություններ հոկտեմբերին ներկայացրել են Հայաստանը Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին: Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել և ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները և ձեռք բերել նոր գործընկերային կապեր: Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ ծրագիր. EU4Business-ի նախաձեռնություն

Lragir.am,
28-10-2021 14:04