Լայնածավալ փոփոխություններ՝ սոցփաթեթի հատկացման կարգում

28-10-2021 14:12

Սոցփաթեթի հատկացման կարգում կիրականացվեն լայնածավալ փոփոխություններ․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին: Ըստ այդմ՝ սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացվել են նոր ծառայություններով, մասնավորապես՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում: Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից), առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական): Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից), պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարում (ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը), նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների, նախակրթարանների) վճարների մարում, գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում: Հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը: Շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որպեսզի սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսն աշխատանքի անցնելիս, պահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը: Վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, եղբայրը, քույրը: Առավել հստակեցվել է սոցփաթեթի հատկացման կարգը՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:

Lragir.am,
28-10-2021 14:12