Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարին

28-10-2021 15:05

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի: Ողջունելով Քույր Եկեղեցու ներկայացուցիչների այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը Երևանում Վատիկանի և Մայր Աթոռի միջև համագործակցության նոր հնարավորություններ կընձեռնի: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորվել են ջերմ և եղբայրական հարաբերություններ, որոնց վառ ապացույցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի՝ Հովհաննես-Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպես նաև Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մայր Աթոռի ներկայացուցչությունը Վատիկանում ևս նպաստում է երկու եկեղեցիների բարեկամական կապերի առավել զորացմանն ու խորացմանը: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտություն հայտնեց Սուրբ Աթոռին և նրա գահակալին արցախյան 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության, զորակցության, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար: Հայոց Հովվապետը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին: Իր հերթին Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի բարեմաղթությունները: Վատիկանի փոխպետքարտուղարը նշեց, որ Սուրբ Աթոռի առաքելական մշտական նվիրակության բացումը Հայաստանում էլ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների միջև ձևավորված գործակցությունը: Զրույցի ընթացքում Վատիկանի փոխպետքարտուղարն Ամենայն Հայոց Հայրապետին հավաստիացրեց, որ Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հետպատերազմյա խնդիրների, ի մասնավորի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար:

Lragir.am,
28-10-2021 15:05