Կրակոցներ Աբովյան փողոցում, կա մահացած անձ. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը

28-10-2021 15:25

Սեպտեմբերի 24-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաներից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 և 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր, մյուսը՝ Առինջ գյուղի: Օպերատիվ խմբի մի մասն Աբովյան փողոց, մյուսները բժշկական կենտրոն մեկնեցին: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակով հագուստ, պարկուճներ ու գնդակներ: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել էին տուժողների հետ, ինչը շարունակվել էր նաև դրսում, և վեճի մասնակիցներից 24-ամյա մի երիտասարդ, որ Գյուլիքևխյան փողոցի բնակիչ է, հրազենով կրակել էր տուժողների ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան «1-ին համալսարանական» հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. ժամը 21.30-ի սահմաններում տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել էր: Հոկտեմբերի 9-ին Գյուլիքևխյան փողոցի 24-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին: Նա կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
28-10-2021 15:25