Չնույնականացված աղբյուրի տեղեկատվությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից. քննարկում ԱԺ-ում

28-10-2021 15:42

ՀՀ ազգային ժողովը քննարկում  է ՔՊ-ի պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ֆիքսել, որ լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նախ ներկայացրեց խնդիրը: «2003-ին գրված Զանգվածային լրատվության մասին օրենքն, ըստ էության, այսօր չի արտացոլում ողջ մեդիա դաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Ըստ էության, առաջացել են նոր մեդիա հարթակներ, դրանք սոցիալական ցանցերում են, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ  տեղեկատվություններ են տարածում: Եվ դրանք չունեն որևէ նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունը կկարողանա նույնականացնել այդ տեղեկատվության աղբյուրները, ըստ այդմ կարգավորումներ իրականացնել: Որոշ լրատվամիջոցներ, ԶԼ մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում այդ չնույնականացված աղբյուրներին և Զանգվածային լրատվության մասին օրենքով ազատվում պատասխանատվությունից»,- ասաց պատգամավորը: Պատգամավորները նախագծով առաջարկում են ԶԼ մասին օրենքում ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին: «Այնուհետև ԶԼ մասին օրենքի 9-րդ հոդվածում առաջարկում ենք լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում չնույնականացված աղբյուրները շատ-շատ են օգտագործվում՝ հանրությանը կեղծ տեղեկություններ մատուցելու, որոշ մարդկանց պախարակելու համար: «Եվ մենք գործ էինք ունենում անպատասխանատու մոտեցման հետ, երբ լրատվամիջոցը վերցնում է տեղեկատվություն՝ անգամ չիմանալով, թե դա ով և ինչ նպատակով է գրել, դնում դա իր լրատվամիջոցի էջում»,- ասաց նա: Հավատարմագրման դրույթում էլ ավելացել է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ և չեն ներկայացնի ֆինանսական տարեկան հաշվետվությունները, նրանց հավատարմագրման դիմումը պետական կառույցներում ենթակա կլինի մերժման: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ չի կարելի հղում անել ինչ-որ «Տելեգրամ»-ի ալիքի, որի տերերը հայտնի չեն, գրանցումը հայտնի չէ, բայց, օրինակ, գաղտնի աղբյուրին կարելի է հղում անել: Պատգամավորը պատասխանեց, որ նախագիծը աղբյուրների գաղտնիությանը չի վերաբերում: «Այո, կարող են գրել, որ իրենց տեղեկություններով եղավ այսինչ բանը, և այդ դեպքում, ինչպես նախկինում, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Մենք չենք արգելում հղում կատարել որևէ բանի, լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, օրինակ, տելեգրամյան ալիքներին, սակայն չեն ազատվի պատասխանատվությունից»,- ասաց Հովհաննիսյանը: Ռուբինյանը նկատեց՝ այսպիսով, եթե, օրինակ, հետագայում պարզվի, որ չնույնականացված աղբյուրից վերցված տեղեկատվությունը սուտ է կամ զրպարտանք է պարունակում, ապա լրատվամիջոցը նույնպիսի պատասխանատվություն կկրի, ինչպիսին կկրեր, եթե հենց ինքը լիներ սկզբնաղբյուրը:

Lragir.am,
28-10-2021 15:42