Նախիջեւանի քննարկում․ Թեհրանն ու Բաքուն համաձայնե՞լ են

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հրապարակային հարթակներում, ավարտվել է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: «Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»: Հիշեցնենք, որ Իրանի և Բաքվի միջև լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Բաքվի զինվորականները փակեցին Հայաստանում Գորիս-Կապան ճանապարհը, ձերբակալեցին երկու իրանցի վարորդների և սկսեցին իրանական բեռնատարներից գանձումներ կատարել: Իրանն իր հյուսիսային սահմաններին անցկացրեց ամենամեծ զորավարժությունները և կոշտացրեց հռետորաբանությունը: Հետագայում Բաքուն ազատ արձակեց ձերբակալված վարորդներին, իսկ Իրանը հորդորեց վարորդներին չգնալ Լաչինի միջանցքով: Ի՞նչ են պայմանավորվել Թեհրանն ու Բաքուն: Հայաստանում Իրանի դեսպան Զոհուրին ևս մեկ անգամ նշել է Հնդկական օվկիանոսից, Չաբահար նավահանգստից և Պարսից ծոցից դեպի Սև ծով ճանապարհի կարևորությունը: Այդ երթուղում նա ներառել է «Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղին»: Սա նորություն է, քանի որ հրապարակայնորեն «Հյուսիս-Հարավ» նախագիծը Հայաստանով ենթադրում էր ավտոմոբիլային ճանապարհ Մեղրիից մինչև Վրաստանի սահման: Փաստորեն, հիմա խոսում են Նախիջևանով երկաթգծի բացման մասին: Հարավային երկաթուղու վերականգնման հարցը քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Անդրադառնալով «Կոմերսանտ»-ի հրապարակած քարտեզին՝ Գրիգորյանը նշել է, որ դրանում նշվում է հարավային սահմանով երկաթուղու համատեղ անցման տարբերակը: Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով, մասնավորապես, Երևանի, Նախիջևանի և Մեղրիի միջև երկաթգծի բացումը, որն այնուհետև ձգվելու է դեպի արևելք, ասել է նա: Սա նշանակո՞ւմ է, որ նախնական պայմանավորվածություններ կան Նախիջևանով երկաթուղային կապ բացելու մասին, Մեղրիի միջանցքի դիմաց: Արդյոք սա նշանակում է, որ երկու երկաթուղիները «կհատվեն» Նախիջևանում: Եվ ո՞րն է Հայաստանի շահը: «Մենք հուսով ենք, որ Իրանը խելամիտ կգործի: Այդ դեպքում նա խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Կարծում եմ՝ միջանցքների տրամաբանությունը և միջանցքային հռետորաբանությունը սրում են թշնամական մթնոլորտը տարածաշրջանում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում մենք հստակ նշել ենք, որ պետք է բացվեն բոլոր տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները, և մենք հավատարիմ ենք այս տրամաբանությանը: Սա նշանակում է, որ երբեմնի գոյություն ունեցող երկաթուղիները պետք է բացվեն որոշակի կարգով», խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Սա կարելի է մեկնաբանել որպես Նախիջեւանից Մեղրի ճանապարհ կառուցելու Հայաստանի համաձայնություն: Ի՞նչ կարգավիճակով է գործելու այս ճանապարհը՝ Հայաստանի իրավասության ներքո՞, թե դառնալու է նոր Դանցիգ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
28-10-2021 15:56