ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին

28-10-2021 16:28

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով առցանց դասընթացին: Միջազգային փորձի ուսումնասիրման և մաքսային ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով կազմակերպված դասընթացն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների և Նիդերլանդների Թագավորության տվյալների վերլուծաբանների կողմից: Ներկայացվել են մաքսային ռիսկերի կառավարման մարտահրավերները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև ազգային և միջազգային տվյալների շտեմարանների մշակման և վարման գործընթացները: Ներկայացվել են նաև մաքսային ոլորտում տվյալների վերլուծության հիմնական գործընթացները, այդ թվում՝ մեքենայական ուսուցման կիրառման փորձը: Դասընթացն իրականացվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի նախաձեռնությամբ: Այն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը: Ներկայումս «Մերկատոր» ծրագրին անդամակցած բոլոր 57 պետությունների մաքսային ծառայությունների միջև իրականացվում է արդյունավետ համագործակցություն: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
28-10-2021 16:28