Մաքսային վճարումներն ավելի դյուրին ու արագ կկատարվեն նոր էլեկտրոնային հարթակի միջոցով

01-11-2021 00:41

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: Հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու: Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ և հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ վճարումները: Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված  հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքները բացթողնելու հիմք է հանդիսանում: Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում: Թեթևացել է մաքսային մարմինների ծանրաբեռնվածությունը: Համակարգը նաև նպաստում է հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:  Մեկ հարթակում հսկվում է վճարումների ամբողջ շարժը, արդյունքում՝ նվազեցվում են ռիսկերը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
01-11-2021 00:41