Լսումներ ԱԺ-ում․ կանխել ՀՀ իշխանությունների կողմից ընթացակարգերի կոպիտ խախտմամբ սահմանների ճշտման գործընթացը

25-11-2021 11:37

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են անցկացվում: «Մենք կարևորում ենք մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում նման ձևաչափով քննարկումներ ունենալը: Սա նաև դիտարկում ենք լավ հնարավություն՝ խորհրդարանից դուրս գտնվող մեր գործընկերների համար՝ ԱԺ ամբիոնից հնչեցնելու իրենց դիրքորոշումները, տեսակետները և կեցվածքները, համատեղ կազմակերպել բովանդակային քննարկում, ԱԺ ամբիոնն օգտագործել՝ հանրությանը կոչ ուղղելու, օրվա իշխանությունների առաջ հստակ պահանջներ դնելու, նաև հնչեցնելու մեր պահանջները՝ ուղղված միջազգային հանրությանը»,- ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Լսումներից հետո ընդունվելու է ԱԺ հայտարարություն: Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց, որ լսումների նպատակն է առաջին հերթին վեր հանել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք կապված են առանց համապատասխան պայմանների, այսինքն՝ առանց խաղաղության և իրավապայմանագրային հենքի, ՀՀ իշխանությունների կողմից ընթացակարգերի կոպիտ խախտմամբ ժամանակավրեպ, հապճեպ, թուրք-ադրբեջանական խաբկանքին համահունչ սահմանների ճշտման գործընթացի հետ: Նաև նպատակն է կանխարգելել ՀՀ իշխանության այս գործողությունները:

Lragir.am,
25-11-2021 11:37