Ուժի ճնշման տակ ցանկացած միջազգային պայմանագիր առոչինչ է, ՀՀ այսօրվա սահմանները ձեւավորվել են ուժի ճնշման տակ․ Ավետիք Չալաբյան

25-11-2021 13:54

Առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի սահմանազատման իրականացումը բերելու է մեր առանցքային ազգային իրավունքների ոտնահարմանը: Այս մասին Ազգային ժողովում այսօրվա լսումների ժամանակ ասաց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: «Այսինքն՝ առաջին հերթին դա բերելու է դե ֆակտո ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ խորհրդային Ադրբեջանի սահմաններում և ըստ էության հրաժարում Արցախի հանրապետության համար հետագա պայքարից: Երկրորդ, նույնիսկ Հայաստան-Ադրբեջան սահմանագծման տեսանկյունից դա կարող է բերել խնդիրների, որոնք մեզ համար երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռազմավարական բարդություններ են առաջացնելու, մասնավորապես, ճանապարհների, ռազմավարական դիրքերի նկատմամբ վերահսկողությունը: Ուստի, ակնհայտ է, որ այս պահին սկսել սահմանազատման որոևէ գործընթաց՝ առանց ունենալու խաղաղության համապարփակ պայմանագիր, ժամանակավրեպ է»,- ասաց նա: Ըստ Չալաբյանի՝ պետք է նախ հասկանալ, թե ինչու ենք հասել այս հանգրվանին: Իրականում կարող ենք հղում կատարել բազմաթիվ միջազգային փաստաթղթերի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի, որը հայտարարում է, որ ուժի ճնշման տակ ցանկացած միջազգային պայմանագիր առոչինչ է: «Հայաստանի այսօրվա հանրապետության սահմանները ուժային ճնշման արդյունքում ձևավորված սահմաններ են: 1921 թվականի Կարսի պայմանագիրը ուժային ճնշման արդյունքում ձևավորված պայմանագիր է, որը ՀՀ իրավանախորդ Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը ստորագրել է: Այսօր նույն պրակտիկան շարունակվում է, ինչքան էլ մենք ասենք, որ գոյություն չունի Արցախի հարցի ուժային լուծում, ես կարող եմ հակառակը պնդել՝ Արցախի հարցի լուծում գոյություն չունի առանց ուժային հավասարակշռության և մեր առնվազն այն ուժային ռեսուրսի, որը հնարավորություն է տալիս մեր ազգային շահերը հետևողականորեն իրացնել: Այսօր մենք իրականում կանգնած ենք բարդ երկընտրանքի առջև: Մեր սահմանները կարող են անընդհատ կրճատվել, որովհետև Ադրբեջանը նորանոր ներխուժումներ կարող է իրականացնել, օգտվելով իշխանության հերթական սխալից, որպեսզի հերթական տարածքում դիրք գրավի, բարձունք վերցնի և մեզ ի վերջո պարտադրի այդ սահմանազատումը: Եթե մենք ուզում ենք այդ ընթացքը կանխել, պետք է հասկանանք, որ այս պայմաններում դա հնարավոր է միայն համատարած ազգային մոբիլիզացիայի պայմաններում: Պետք է տեղի ունենա մոբիլիզացիա՝ երկրի սահմանների, ինքնիշխանության պաշտպանության հրամայականի շուրջը: Մեզ պետք է վերականգնել մեր ռազմական կարողությունները, կոտրված անվտանգային համակարգով մենք չենք կարող դիմակայել հակառակորդի անընդհատ նկրտումներին»,- ասաց նա:

Lragir.am,
25-11-2021 13:54