Հայաստանում գործում է վերկուսակցական շարժում, որը հայտարարել է երեք պահանջ․ Արա Զոհրաբյան

25-11-2021 14:18

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղություն չի ապահովել, այսօր ԱԺ լսումների ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը: «Մի քանի օր է՝ Հայաստանում գործում է վերկուսակցական շարժում, որը հայտարարել է երեք պահանջ՝ կանխել սահմանազատման և սահմանագծման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրվելիք փաստաթղթերը: Երկրորդ, թույլ չտալ միջանցքը տրամադրել թշնամուն, երրորդ, լիարժեք զինել առաջնագիծը և պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Մենք պահանջում ենք հրապարակել փաստաթղթերը, Նիկոլ Փաշինյանը պատճառաբանում է, ասում է՝ փաստաթուղթը ստորագրվելու է հետո, հիմա ինչ-որ հանձնաժողով են ստեղծում: Մենք հենց այդ փաստաթուղթն էլ ենք պահանջում, արդյոք այդ փաստաթղթում լինելո՞ւ են մեր անվտանգության կամ Արցախի կարգավիճակի վիժեցումը բացառող պայմաններ: Լինելո՞ւ է պայման, որ աշխատանքներն սկսելուց առաջ պետք է վերադառնալ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի վիճակին: Եթե չկան այդպիսի պայմաններ, արդյոք սա հերթական կապիտուլյացիայի հերթական գործողությունը չէ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը արդյոք դադարեցրե՞ց զոհերը, արդյոք այլևս գերիներ չկա՞ն, մենք խաղա՞ղ ենք: Պատասխանը՝ ոչ»,- ասաց նա: Անդրադառնալով միջանցքի հարցին՝ Զոհրաբյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասում է՝ չկա գրված միջանցք, հետևաբար, դա միջանցք չէ: Արդյոք նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Զանգելանը, Շուռնուխի ու Որոտանի մասը հանձնելու մասին խոսք կամ ակնարկ կար, չկար, բայց դա փաստացի հանձնվեց: Ինչո՞ւ պետք է մենք հիմա հավատանք, որ միջանցք չկա: Թշնամի պետության հետ ճանապարհ բացելուց առաջ արդյոք չպե՞տք է լուծել անվտանգության հարցը, արդյոք դրանից չպե՞տք է սկսենք: Այսօր այդ հարցը լուծված չէ»:

Lragir.am,
25-11-2021 14:18