«FLYONE Armenia»-ն՝ շաբաթվա միջազգային ավիացիոն ստարտափ

26-11-2021 11:57

Միջազգային հանրահայտ ավիացիոն «Simple Flying» պորտալը Հայաստանի նորաստեղծ «Flyone Armenia» ավիաընկերությունը ներկայացրել է որպես շաբաթվա ստարտափ: Պորտալն անդրադարձել է ավիաընկերության ստեղծման պատմությանը, ներկայացրել առաջիկայում սպասվող չվերթները: «Իր պատմությամբ՝ FLYONE Armenia-ն Հայաստանի ամենաերիտասարդ ավիաընկերությունն է. այն եզակիներից, որ իր գործունեությունը սկսել է համավարակի պայմաններում՝ 2021 թվականին…. Ավիաընկերության ստեղծումը նշանավորվում է 60 միլիոն եվրոյի ներդրմամբ և 135 աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը կարևոր թիվ է պետության համար և հզոր ազդակ՝ զարգացնելու երկրի ավիացիոն հավակնոտ ոլորտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է միջազգային պորտալը: Հայաստանի շուկայում սկսում է գործունեությունը ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող «Flyone Armenia» ավիաընկերությունը, որը գործելու է որպես ազգային օպերատոր: «Flyone Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից: Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և «EASA Security»-ի բոլոր չափանիշներին: «Flyone Armenia» ավիաընկերությունն առաջիկայում կսկսի չվերթերը 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնել է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին: Առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ «Flyone club»-ի անդամների համար՝ 34 եվրոյից: Նախատեսված են թռիչքներ Երևան-Լիոն, Երևան-Թեհրան, Երևան-Թել Ավիվ, Երևան-Կրասնոդար և այլ ուղղություններով:

Lragir.am,
26-11-2021 11:57