7 տոկոս տնտեսական աճը եկող տարվա համար ոչ թե միայն կանխատեսում է, այլև խոստում

Մեր զրուցակիցն է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Պարոն Թունյան, Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը թեև դանդաղ, բայց շարունակում է նվազել: Համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվար-հոկտեմբերին աճել է 4,3%-ով, սակայն հունվար-սեպտեմբերին այն 4,4 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսին՝ 4,9 տոկոս: Ինչո՞վ է սա պայմանավորված՝ հաշվի առնելով, որ համեմատությունը 2020-ի հետ է, երբ տնտեսությունը լուրջ անկում էր գրանցել: Այո՛, ճիշտ եք: Տնտեսական ակտվիության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 0,1 տոկոսային կետով ավելի պակաս էր, քան հունվար-սեպտեմբերի ցուցանիշներով: Հունվար-սեպտեմբերին ունեինք 4,4 տոկոս տնտեսական ակտիվության աճ, հունվար-հոկտեմբերին ունենք 4,3 տոկոս տնտեսական ակտիվության աճ: 2020 թվականը, ճիշտ է, ինչպես նշեցիք, անկումային տարի էր, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ անկման հիմնական պիկը ապրիլ-մայիս ամիսներն էին, իսկ արդեն տարեվերջին տնտեսության անկումը փոքր-ինչ թուլացել էր, այսինքն՝ բազային էֆեկտը երբ համեմատում ենք, տարեվերջին մի փոքր ավելի բարվոք վիճակ էր, քան ապրիլ և մայիս ամիսներին: Իսկ թե ինչով է պայմանավորված, երկու հիմնական ոլորտ կա՝ գյուղատնտեսություն և հանքարդյունաբերություն, և այդ ոլորտներում մենք ունենք նվազում, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում ունենք մետաղական հանքարդյունաբերության ծավալների և հիմնային մետաղների ծավալների նվազում, ինչն ազդել է տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշի վրա: Բայց թե ինչով է պայմանավորված կոնկրետ գյուղատնտեսության կամ հանքարդյունաբերության նվազումը կամ աճի դանդաղումը, ինքս այդ հարցի հասցեատերը չեմ, դրա համար համապատասխան վերլուծություններ են պետք, որոնք իմ ձեռքի տակ չկան: Պարոն Թունյան, 2022 թվականի արդյունքներով` միջին հաշվով Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրներում սպասվում է տնտեսության 2,9 տոկոս աճ, իսկ Հայաստանում և Ղրղզստանում այն միջինից բարձր կլինի (4,8 տոկոս և 4,5 տոկոս): Կառավարությունը պնդում է, որ 2022 թվականի համար նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Որքանո՞վ է իրատեսական 7 տոկոսի ցուցանիշին հասնելը, երբ 10 ամսվա տվյալներով ՏԱՑ-ը կազմել է 4,3 տոկոս: Ուզում եմ նշել, որ յոթ տոկոս տնտեսական աճը եկող տարվա համար ոչ թե միայն կանխատեսում է, այլև խոստում, որը դրված է բյուջեի հիմքում, այսինքն՝ մենք պլանավորել ենք յոթ տոկոս տնտեսական աճ և ըստ այդ յոթ տոկոս տնտեսական աճի՝ պլանավորել ենք նաև մեր բյուջեն և նաև մեր բյուջետային հարկային եկամուտները: Այսինքն՝ անկախ կանխատեսումներից, թե ինչ կանխատեսում է արել և թե որքանով է դա շեղվում այդ կանխատեսումներից, մեր հանձնառությունը յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելն է: Նաև այդ յոթ տոկոս տնտեսական աճի թիրախը պետք չէ համադրել այս տարվա ցուցանիշների հետ, և եթե այս տարի չորս տոկոս է, սա չի նշանակում, որ հաջորդ տարի չի կարող լինել հինգ, վեց, յոթ տոկոս, հակառակը, որքան ցածր լինի այս տարի աճի բազան, այնքան ցածր աճի ֆոնին բարձր աճն ավելի հավանական է դառնում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Հայաստանում ՌԴ կորպորացիաների հետ համատեղ ձեռնարկություններ կստեղծվեն: Խոսքն ինչ կորպորացիաների մասին է, արդյոք սա հերթական էքսպանսիայի մի ձև չէ` հաշվի առնելով, որ մասնավորապես, ռուսական պետական ընկերությունները էստ էության չափից ավելի քաղաքականացված են: Այս հարցի հասցեատերը ես չեմ, ես որևէ տեղեկություն չունեմ այս մասին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
29-11-2021 00:15