USAID վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը հանդիպել է Արցախից տեղահանված բնակիչների հետ

29-11-2021 16:16

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ: Զրույցի ընթացքում Ալեքսանդր Սոկոլովսկին առավել մանրամասն տեղեկացել է անհատների և համայնքների վրա անցյալ տարվա ռազմական գործողությունների հետևանքների ու նրանց առջև ծառացած ներկայիս մարտահրավերների մասին: «Հուզիչ էր հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ: Ես երախտապարտ եմ նրանց պատմությունները լսելու, նրանց հարցեր ուղղելու և փորձառություններն ավելի լավ հասկանալու հնարավորության համար: Մարդիկ, որոնց հետ հանդիպել եմ, օգնություն են ստանում և ժամանակավորապես բնակվում են Մեծամորի համայնքային կացարանում: Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարողացել է նրանց աջակցել շատ դժվար պահին», – ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին: Անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ԱՄՆ կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին լուծելու ի հայտ եկող խնդիրները՝ տրամադրելով հագուստ, սնունդ և ապաստան: 2020 թվականից ի վեր՝ ԱՄՆ կառավարությունը տրամադրել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ անցյալ տարվա ռազմական գործողություններից տուժածներին աջակցելու համար:

Lragir.am,
29-11-2021 16:16