Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ

29-11-2021 17:40

Արցախի ՄԻՊ հայտարարությունը Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»: Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնամածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող  քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն: Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից: Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների: Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով: Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են: Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին: Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր: 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը: Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր: Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին: 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Նրանցից շատերի ճակատագրերն մինչ այսօր անհայտ է: Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերի հետապնդման սեփական քաղաքականությունը: Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները: Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը: Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը, Ադրբեջանում պետական ​​մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն է: Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն ​​առաջ տանելու նպատակով:

Lragir.am,
29-11-2021 17:40