Այդ տարածքները եղել են Հայաստանի կազմում։ Ռուսաստանն ի՞նչ իրավունքով է դա ասել

Lragir.am-ի զրուցակիցն է քարտեզագիր Շահեն Շահինյանը Պարոն Շահինյան, Սյունիքի մարզպետն օրերս հայտարարեց, որ նախորդ տարեվերջին ռուսական կողմն է պահանջել, որպեսզի  հայկական զորքերը հետ քաշվեն համաձայն ԽՍՀՄ քարտեզների: Հայկական զորքերը պետք է նահանջեի՞ն այդ տարածքներում: Սյունիքում դիրքերի հետ քաշումն ըստ քարտեզների չի իրականացվել: Ռուսաստանն ի՞նչ իրավունքով է դա ասել: Եթե Ռուսաստանը մեր նկատմամբ իրականացրել է ապօրինի գործողություն, ապա դրա մասին պետք էր հայտնել ժողովրդին: Այդ պնդումը, որ հայկական զորքերը պետք է հետ քաշվեին, ունի մի քանի հակափաստարկ: Առաջինը, մեր զորքերը հետ պետք է քաշվեին համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության: Իսկ համաձայն այդ հայտարարության՝ զորքերը պետք է կանգնեին այն մասում, որտեղ գտնվում էին այդ պահին: Նախկին, այսպես կոչված, Կուբաթլուի ու Զանգելանի մասին ոչ մի պայմանավորվածություն չի եղել այդ փաստաթղթում: Երկրորդ, երբ Ռուսաստանն ասել է՝ հետ քաշվեք՝ համաձայն խորհրդային քարտեզների, ո՞ր խորհրդային քարտեզներն են նկատի ունեցել: Գոնե 1920-ական թվականների քարտեզներով՝ մինչև 1926-29 թվականներն այդ տարածքները եղել են Հայաստանի կազմում: Եվ բազում այլ տարածքներ են եղել Հայաստանի կազմում: Այսինքն՝ այստեղ խնդիր է առաջանում Ռուսաստանի պահանջի օրինականության մասով: Եվ երրորդ հակափաստարկը, որն ինձ համար ամենակարևորն է՝ ովքե՞ր են ղեկավարում մեր զորքը,  բանակը՝ Հայաստանի Գլխավոր շտաբը, Հայաստանի վարչապետը, որը պատերազմական վիճակում գերագույն գլխավոր հրամանատարն է, Հայաստանի պաշտանության նախարարը, թե՞ Ռուսաստանի Գլխավոր շտաբը, պաշտանության նախարարը, ՌԴ նախագահը: Կարծում եմ՝ առաջնահերթ այս հարցին պետք է պատասխանել, հետո հիմնավորել, թե մեր զորքերն ո՞ւմ հրամանով են հետ քաշվել: Դուք նամակով դիմել եք վարչապետի աշխատակազմին՝ պարզաբանում ստանալու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, թե «միլիմետրի ճշտությամբ գիտենք Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում»: Ո՞րն է հարցման նպատակը: Իմ նամակի ամբողջ նպատակն այն է, որպեսզի պարզվի, թե որտեղո՞վ է անցնում վերոնշյալ սահմանը, այսինքն՝ կառավարության տեսակետն ի հայտ գա այս հարցում: Իմ ունեցած տեղեկություններով՝ այս պահին այդպիսի քարտեզներ չկան, որ միլիմետրի ճշգրտությամբ տվյալներ տան: Եվ դա պետք էլ չէ ընդհանրապես, սահմանազատման աշխատանքներում աշխարհում ոչ մի երկրում միլիմիետրի ճշգրտություն չի պահանջվում: Մեր դեպքում պահանջվելու է մետրերի ճշգտություն, որպեսզի կարողանաս իմանալ տվյալ բարձունքը քո երկրի սահմանում է, թե մեկ այլ երկրի: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու գործընթաց է նախաձեռնվում, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը: Եթե այդ հանձնաժողովն ընտրի այն մեխանիզմը, որ սահմանազատումն իրականացվում է խորհրդային քարտեզներով, և եթե ընտրվեն 1973-75 թվականների քարտեզները, ունենալու ենք տարածքների մեծ կորուստներ: Եթե գոնե ընտրվեն 1920-ական թվականների քարտեզները, այդ դեպքում բավական մեծ մակերեսով տարածք Ադրբեջանը պետք է մեզ փոխանցի: Բայց ես առնվազն կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կհամաձայնի նման արդյունք ունեցող պրոցեսին: Այսինքն՝ Հայաստանին ստիպելու են, որ սահմանազատումն իրականացվի 1970-ականների քարտեզով: Մինչև որոշում կայացնելը թե դիվանագիտական, թե ռազմական ճնշում գործադրելու համար մենք պետք է ապավինենք մեր դիվանագիտությանն ու բանակին: Այսինքն՝ միանշանակ լինելու են ճնշումներ, և այստեղ ամենակարևորն այն է, թե ով կլինի ուժեղ: Կոնկրետ ինձ համար 1970-ականների քարտեզը կոմպրոմիսային չէ, դա միայն ադրբեջանամետ տարբերակ է: Այս իրավիճակում միջազգային ատյաններում կարո՞ղ ենք բարձրացնել սահմանների հարցերը: Եթե միջազգային կազմակերպությունները կարող են մեզ օգնել, արդեն բազմաթիվ հետազոտություններ կան, որ, օրինակ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն ունի ամբողջական միջազգային իրավունքի հենք, ինչո՞ւ մինչ օրս ոչ մի միջազգային լծակ չի գործադրվում՝  դա իրագործելու համար: Ես կարող եմ ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գործում է ուժի գործոնը, որ ուժեղ պետությունները կարողանում են թելադրել իրենց կամքն ավելի թույլ կամ փոքր պետություններին: Հետևաբար, հայ ազգի բանաձևը պետք է լինի ուժեղ պետություն, ուժեղ ազգ, ուժեղ բանակ կայացնելը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
29-11-2021 18:04