Լուսինե Ավետյանը զղջացել է Առուշ Առուշանյանի դեմ տված կեղծ ցուցմունքի համար. Դատարանում նա հրաժարվեց նախաքննական այդ ցուցմունքից

29-11-2021 18:55

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար, գրում է Փաստինֆոն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստի մեղադրող կողմը հրապարակել է Առուշանյանի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, ինչից հետո դատարանը սահմանել է ապացույցների հետազոտության կարգը: Ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ առաջին հերթին կհարցաքննվեն ամբաստանյալները, հետո՝ վկաները, իսկ վերջում միայն կհետազոտվի գործում առկա փաստաթղթերը: Հարցաքննությունը սկսվել է ամբաստանյալ Լուսինե Ավետյանից: Վերջինս դատարանում հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից՝ նշելով, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել: Ավետյանը նշել է, որ բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել որպես ընտրակաշառք՝ անընդունելի է: «Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ».- հայտարարեց Ավետյանը:

Lragir.am,
29-11-2021 18:55