Այս տունը Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանի ընտանիքինն է, իսկ վերևում՝ սարի վրա ադրբեջանական զինծառայողների դիտակետ է. ՄԻՊ

29-11-2021 22:25

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ Այս տունը Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանի ընտանիքինն է, իսկ վերևում՝ սարի վրա ադրբեջանական զինծառայողների դիտակետ է. նա զրկվել է ընտանիքի եկամուտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով: Մասնավորապես, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ մեր այսօրվա այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը: Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարներն չեն բավականացնում բնակիչներին: Դրանից բացի, Գևորգ Ավագյանն իր մեքենայով տաքսի ծառայություն է մատուցում Կապանում: Այս աշխատանքը նրա ընտանիքի եկամտի աղբյուրն է: Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով չի կարողանում մեկնել իր ամենօրյա աշխատանքին: Շրջանցող նոր ճանապարհով հնարավոր չէ նույն աշխատանքը կատարել, քանի ճանապարհը հաղթահարելը չափազանց բարդ է, աշխատանքի ժամերով պայմանավորված՝ բացարձակ անհարմար և այս ամենն իր աշխատանքը դարձրել են անեկամտաբեր: Մարդը պարզապես զրկվել է իր և ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից: Այս նույն ընտանիքը զրկվել է նաև իր արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են այդ տարածքներում: Փաստերն ակնհայտ են հաստատում, որ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագա ամրացումները հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին չունեն բացարձակ զուրկ են իրավական հիմնավորումից: Նրանց արարքները հանցավոր բնույթի են, քանի որ միայն խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը և կատարվում են դիտավորությամբ: Այդ կերպ Հայաստանի բնակչությանը (հատկապես սահմանային բնակավայրերում) էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում:

Lragir.am,
29-11-2021 22:25