Այս հիվանդությունը բժշկության մեջ ամեն ինչ խառնել է իրար և ստիպում է մեր պատկերացումները վերանայել

Lragir․am-ի զրուցակիցն է վարակաբան Արմեն Օհանյանը Պարոն Օհանյան, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը որքանո՞վ է վտանգավոր, ի՞նչ տեղեկություններ կան: Ինֆորմացիան շատ քիչ է իրականում, դեռ որևէ նկարագրություն չունենք, թե կլինիկական ինչ ընթացք է ունենում այն՝ ավելի թեթե՞ւ են տանում, թե ծանր: Հաշվի առնելով, որ այն ունի որոշակի մուտացիաներ, կառուցվածքն այլ է, ենթադրում ենք, որ տարբերվում է մյուս շտամներից: Բայց այդ փոփոխությունը կլինի ավելի մեղմ, թե ավելի վատ, ոչ ոք հիմա հստակ չի կարող ասել: Եվրոպական երկրներում դեռ առաջին դեպքերն են գրանցվում, գոնե մեկ շաբաթ, 10 օր ժամանակ է պետք հասկանալու, թե կլինիկորեն ինչ ընթացք է ունենալու: Իրականում ԱՀԿ-ն ինչ-որ տեղ սխալ է արել, որ արդեն իսկ այս շտամը գնահատել է variant of concern: Այսինքն՝ եթե սա դասում են անհանգստության տարբերակների մեջ, ենթադրում եմ, որ պետք է ունենան հստակ ինֆրոմացիա, որ այն տարբերվում է ոչ միայն գենետիկական մակարդակով, այլ նաև վարակելիության արագությամբ, հիվանդության ընթացքով և այլն: Բայց դրա մասին առայժմ ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, թե ոնց է տարբերվում: Ուղղակի այս փոփոխությունների չափը հաշվի առնելով՝ այս ինֆորմացիայում ամենաահաբեկողն այն է, որ ենթադրվում է, որ այս դեպքում արդեն կարող է պատվաստանյութերի էֆեկտիվության կտրուկ նվազում լինել: Ամենաշատ անհանգստացնող երևույթն այս պահին երևի թե սա է: Հայաստանում համավարակային իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, հիվանդացությունը նվազո՞ւմ է: Տրմաբանական իր զարգացումն ունեցավ: Ես հույս ունեի, որ երրորդ ալիքով կվերջացնենք, բայց չորրորդն էլ եղավ: Հավանաբար այս հարցում աշխարհի բնակչության քանակն է մեծ դեր խաղում: Եթե համեմատում ենք նախորդ էպիդեմիաների հետ, մասնավորապես, 1917 թվականի, քանի որ հիմա երկրի բնակչությունը շատացել է, դրա հաշվին այս իրավիճակն է: Սա վտանգ է ներկայացնում իրենից, որովհետև սովորաբար շատ երկար ու կայուն իմունիտետ չի ձևավորվում այս հիվանդության դեպքում: Եվ եթե տարածումը երկու տարուց ավելի շարունակվի, արդեն ռեալ ռիսկ է ստեղծվում, որ առաջին փուլում հիվանդացածները նորից կսկսեն վարակվել: Իհարկե, դա կլինի ամենավատ սցենարը: Իսկ պատվաստանյութի նպատակն առաջին հերթին հիվանդության ընթացքը թեթևացնելն է, այն համաճարակը չի կանգնեցնելու: Սա այն պատվաստանյութը չէ, ինչպես բնական ծաղիկի կամ մյուս հիվանդությունների դեպքում, որ կանգնեցնի հիվանդացության տարածումը: Այլ մուտացիաներ հնարավո՞ր են: Այս հիվանդությունը բժշկության մեջ ամեն ինչ խառնել է իրար և ստիպում է մեր պատկերացումները վերանայել: Ինձ թվում է՝ այսօր գիտնականները շատ են ընկած այս վիրուսի հետևից և փորձում են բոլոր միկրո փոփոխությունները գտնել: Դրա հետևանքով ենք մենք այսքան շատ տարբերակներ հայտնաբերում: Այսինքն՝ կարելի էր ուղղակի բաց թողնել, չհայտնաբերել այդ տարբերակների մի մասը: Այն, որ վիրուսը կարող է մուտացվել, և մուտացված հաջորդ շտամը լինել էլ ավելի ագրեսիվ, նոր բռնկումներ առաջացնել, դա իրոք շատ լուրջ խնդիր է: Չի բացառվում, որ արհեստածինություն կա, չեմ կարող հստակ ասել: Ամեն դեպքում՝ որպես ինֆեկցիոն հիվանդություն, կորոնավիրուսը լրիվ տարբերվում է ինֆեկցիոն մյուս հիվանդություններից: Այսպիսի ինֆեկցիոն հիվանդություն ուղղակի չի եղել, որ առաջացնի այսպիսի մեծաքանակ բորբոքային պրոցես: Եվ իր անընդհատ շարունակվելն էլ է դա փաստում, պատվաստանյութը կա, կարծես թե հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք էֆեկտիվ են նաև կանխման առումով, բայց միևնույն է՝ հիվանդությունը պտտվում է: Բնությունն ինքն էլ է փորձելու պայքարել, բայց սովորաբար մարդուն հաջողվում էր այդ օղակն ընդհատել, առաջ անցնել: Բայց հիմա նույն եվրոպական երկրներում, որտեղ պատվաստվածության բավական բարձր ընդգրկվածություն կա, միևնույն է նորից հիվանդացության բարձրացում կա: Կարծես թե ինքն իր հստակ ընթացքն ունի, և մենք առանձնապես այդտեղ դեր չունենք:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
29-11-2021 22:46