Երեւանի քաղաքապետարանում աշխատավարձ են բարձրացնում․ Հրապարակ

30-11-2021 08:45

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է: Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել: Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության եւ քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային: Պարբերաբար աշխատավարձեր բարձրացնող եւ պարգեւավճարներ հատկացնող քաղաքապետարանն այդ մասին չի մոռացել, եւ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվելու է նաեւ նրանց աշխատավարձի հարցը: Այսպիսով, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի աշխատավարձը 346 հազար դրամից կդառնա 697 հազար դրամ, վարչության պետի տեղակալինը՝ 322-ից՝ 561 հազար դրամ, գլխավոր մասնագետի աշխատավարձը եւս շեշտակի կբարձրանա՝ 225 հազար դրամից դառնալով 323 հազար, իսկ գործավարինը՝ 164- ից՝ 248 հազար դրամ: Այսքանով, սակայն, քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը չի ավարտվում․ ավելանալու են նաեւ այս վարչության բաժինների աշխատակիցների աշխատավարձերը: Օրինակ՝ Քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման տարածքային առաջին բաժնի պետի աշխատավարձը 291 հազար դրամ էր, այս օրինագծով առաջարկում են դարձնել 408 հազար, գլխավոր մասնագետինը՝ 225-ից՝ 289 հազար, առաջատար մասնագետինը՝ 219-ից՝ 282 հազար դրամ եւ այլն: Ինժեներական ենթակառուցվածքների բաժնում եւս բարձրացումներ կան․ բաժնի պետի աշխատավարձը 291 հազար է, առաջարկում են բարձրացնել 117 հազար դրամով, այսինքն՝ դարձնել 408 հազար դրամ: Հողօգտագործման եւ հողհատկացման տարածքային առաջին եւ երկրորդ բաժնում, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնում եւս բարձրացումներ կլինեն: Հիշեցնենք․ համաձայն այդ նախագծի՝ քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակցի աշխատավարձերը ամռանը բարձրացան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստանում է ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետը․ նրա աշխատավարձն աճել է գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ՝ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է: Այս օրինագիծն անցկացնելու փորձը, հանրային ընդվզման պատճառով, 2 տարի առաջ տապալվեց: Բայց իշխանությունը հետեւողականորեն գնաց աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով: Նախագծի հիմնավորումն էլ այն էր, թե վերջին տարիների գնաճի հետ իրենց ստացածը համահունչ չէ: Կարելի է կարծել, թե միայն իրենց վրա է անդրադառնում գնաճը: Ի դեպ, նախագիծը ներկայացվել էր «Իմ քայլի» ավագանու «Առաքելություն» կուսակցության անդամ Լեւոն Սարգսյանի եւ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կողմից»:

Lragir.am,
30-11-2021 08:45