Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ

30-11-2021 09:51

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանն՝ ավելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարվել տեղի հույն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ: «Ավստրալիայի կառավարության վրա նոր ճնշում է բանեցվում, ու դա արվում խորհրդարանի միջոցով: Որպես ժողովրդավարական քաղաքականություն ունեցող երկիր, ակնկալվում է, որ կառավարությունը պետք է լսի խորհրդարանին: Մենք դա տեսանք ԱՄՆ-ի պարագայում: Եվ երբ առկա է ճնշում խորհրդարանից, ապա գործադիրի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է»,-ասաց Հայկ Գայսերյանը: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նշեց, որ հույների ասորիների համայնքների ներկայացուցիչների հետ շարունակելու են ակտիվ աշխատանքն ինչպես Սենատի, այնպես էլ գործադիրի ուղղությամբ: Նա նկատեց, որ այսօր գործադիրում կան մարդիկ, որոնք նախկինում ճանաչել են 1915 թվականի ցեղասպանությունը և համապատասխան կոչերով հանդես եկել:

Lragir.am,
30-11-2021 09:51