Ռուսաստանը Հայաստանի դեմ ցեղասպանական գործողությունների «ծիրում»․ ընդունվող բանաձեւերը կարող են հեռուն տանել

30-11-2021 10:32

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերը ժամանակային առումով ընդգրկում են 1915-1923 թվականները: Ինչն է այս պարագային էական՝ 1920-ի այս օրերին Հայաստանը խորհրդայնացվեց, Մոսկվայի նախաձեռնությամբ 1919-ին նախաստորագրված, իսկ 1921-ին ստորագրված Մոսկվայի եւ Կարսի ռուս-թուրքական պայմանագրերը Հայաստանի անկախ հանրապետության ոչնչացման, հայերի հայրենազրկման ու մասնատման «վավերագրեր» են: Նշենք, որ 1921-ին Հայաստանը դեռ անկախ պետություն էր՝ Ազգերի լիգայի կողմից ճանաչված պետություն: Ընդ որում, որպես «հայկական ռեւանշի» ու պահանջների բացառման երաշխիք եւ ռուս-թուրքական եղբայրության գրավական՝ 1921-1923-ին արդեն խորհրդայնացված-ռուսական Հայաստանի տարածքում ռուսական եւ թուրքական բանակներն իրականացրին թուրքահայ գաղթականների կոտորածը՝ սպանվեց մոտ 400 հազար հայ, մնացածներին քշեցին Ռուսաստանի խորքերը: Երկրորդ աշխարհամարտին Մոսկվայի հատուկ գործողությամբ 330 հազար հայերի սպանդը նույն քաղաքական ծիրում է․ Կրեմլի ղեկավարությունը ԽՍՀՄ հնարավոր պարտության հետեւանքներից առաջնային էր դիտարկում Հայաստանի անկախ պետականության ստեղծման հնարավորությունը, ինչը պետք էր կանխել: Համեմատության համար նշենք, որ այսպես կոչված «ադրբեջանցիներին», ավելի ճիշտ՝ մերձկասպյան արեւմուտքում բնակվող թուրքերին ռազմաճակատ գրեթե չէին տանում: Ինչպես 100 տարի առաջ, նույն ծիրում է 2020-ին թուրքերի հետ Ռուսաստանի ծրագրած եւ իրականացրած պլանը Հայաստանի դեմ՝ պատերազմը եւ Հայաստանի լիակատար շրջափակման, մասնատման ու հայրենազրկման «հետպատերազմյա կարգավորման» փուլը: Այս իրադարձությունները լիովին տեղավորվում են ցեղասպանության բնորոշման մեջ: Ռուսաստանի այս գործողությունները փաստաթղթավորված են: Հայերի հարցում Մոսկվայի ու Անկարայի միավորիչ հանգամանքը Հայկական անկախ պետականության գոյաբանական սպառնալիքն է:

Lragir.am,
30-11-2021 10:32