Պուտինն առարկեց Փաշինյանին՝ այնտեղ սահման չկար

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցերին, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման անհրաժեշտության ամրագրումը վերաբերում է «ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորներին վերադարձնելու Ադրբեջանի պարտավորություններին»: «Սոչիի հայտարարությունը հաստատում է նաև տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ուղիների և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին դրույթը և ևս մեկ անգամ հերքում է միջանցքների և միջանցքային տրամաբանության մասին քարոզչական թեզերը», ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: ՔՊ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Սոչիի հայտարարությունը նահանջ էր Հայաստանի նախկին հայտարարություններից: Նա մասնավորապես հիշեցրել է վարչապետի հայտարարություններն այն մասին, որ սահմանազատում չի լինի, քանի դեռ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, ինչպես նաև, որ առանց ռազմագերիների վերադարձի ապաշրջափակում չի լինի: Սոչիի հայտարարության մեջ չի խոսվում նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորման և կարգավիճակի հարցի մասին, նշում են փորձագետները: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար» որոշակի պայմանավորվածության մասին : «Եվ այս ուղղությամբ առաջին և ամենակարևոր քայլը պետք է լինի լարվածության թուլացմանն ուղղված գործողությունների իրականացումը», ասել է Հունանյանը: Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը: Արդյո՞ք նա ի նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումն ու ռազմական ներկայության գծով «սահմանազատումը»: Ո՞վ է որոշելու այդ գիծը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «սահմանազատման գործընթաց չի եղել, բայց պետական ​​սահմանը կա, և այնտեղ, որտեղ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն է»: Պուտինը առարկեց՝ նշելով, որ «սահմանազատումը չափազանց բարդ խնդիր է, որը ժառանգվել է խորհրդային ժամանակներից, երբ այնտեղ սահման չկար»: Եթե «սահման չի եղել», ապա որտե՞ղ եւ ինչի՞ հիման վրա են լինելու «լարվածության թուլացմանն ուղղված գործողությունները»: Չէ՞ որ դրանք վերաբերում են հենց սահմանին: Միջազգային իրավական միջավայրում այդ գործողությունները ենթադրում են զորքերի դուրսբերում իրենց սկզբնական դիրքեր և տարածքային խնդիրների լուծման ժամանակ ուժի կիրառման դատապարտում: Բայց «եռակողմ» ձևաչափում հարցերը լուծվում են հետնմուտքից, և գործում են ոչ թե օրինական, այլ գողական սկզբունքներ: Սա նշանակում է, որ սահմանը որոշվելու է կամայականորեն:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
30-11-2021 00:23