Դպրոցական այգիներ․ դեպի առողջ ապագա Հայաստանում

30-11-2021 00:56

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ը (SIFI) հայտնեցին «Լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթի հաղթողի անունը: Վանաձորի թիվ 3 դպրոցը հաղթեց մրցույթում, որը ՊՀԾ-ն, իր գործընկերների հետ միասին, մեկնարկել էր ապրիլին՝ ողջ հանրապետությունում դպրոցական այգիներ հիմնելու համար հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Դպրոցն առաջին տեղն է զբաղեցրել այգին որպես կրթական հարթակ օգտագործելու, ինչպես նաև երեխաներին այգու նախապատրաստման, պահպանման և խնամքի մեջ ներգրավելու համար: Մրցույթին մասնակցող բոլոր 33 դպրոցները արժանացել են շնորհակալագրերի՝ մասնակցության համար: 2020 թվականից ի վեր ՊՀԾ-ն հիմնել է 19 ջերմատներ, 16 ինտենսիվ պտղատու այգիներ և 9 հատապտղային ինտենսիվ այգիներ ամբողջ երկրում՝ լրացնելու դպրոցական սնունդը և հնարավորություն տալու դպրոցներին եկամուտ ստեղծել՝ պահպանելով և ընդլայնելով իրենց դպրոցական սննդի նախագծերը: «Մինի գյուղատնտեսական ծրագրերը դպրոցական սննդի կարևոր բաղադրիչներից են: 2020 թվականին ՊՀԾ-ն և Հայաստանի կառավարությունը մեկնարկել են Տրանսֆորմատիվ դպրոցական սնունդը, որը դպրոցները վերածել է միջոցների՝ արագացնելու պարենային ապահովության ուղղությամբ ազգային առաջընթացը»,- նշել է ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը և հավելել՝ «Այս մոտեցմամբ դպրոցներին հասանելի են թարմ մրգեր և բանջարեղեն՝ ամեն օր առողջարար և սննդարար կերակուրներ պատրաստելու համար: Դպրոցական այգիները նաև ուսումնական կենտրոններ են, որոնք մոտիվացնում են երեխաներին շարունակել ուսումը ագրոբիզնեսի ոլորտում»: Ավելի քան 80 դիմում է ստացվել դպրոցներից, որոնք գնահատվել են վեց տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ հանձնաժողովը ստեղծվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ: Դպրոցները գնահատվել են այգիները որպես կրթական հարթակ օգտագործելու և երեխաներին այգու նախապատրաստման, պահպանման և խնամքի մեջ ներգրավելու համար: Դպրոցական այգիները մեծ ճանաչում են ձեռք բերում ամբողջ աշխարհում: Իրենց բազմաոլորտ և բազմաբնույթ կոնցեպտի շնորհիվ նրանք խթանում են առողջ սննդակարգը, սննդային բազամազանությանը և բնապահպանական տեսանկյունից ընդունելի ծրագրերը, որոնք կարող են փոխել սննդակարգի սովորությունները, ինչպես նաև զարգացնել կյանքի հմտություններ:

Lragir.am,
30-11-2021 00:56