Խրախուսում ենք, որ կամավոր վերադառնան մեր քաղաքացիները, որովհետև այդ դեպքում կգործեն օժանդակության բազմաթիվ մեխանիզմներ

Մեր զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Հայտնի է, որ վերջին շրջանում Եվրոպան կոշտացնում է միգրացիոն քաղաքականությունը. անգամ հնարավոր է, որ անօրինական միգրանտին միանգամից օդանավակայանից հետ վերադարձնեն: Ի՞նչ ահազանգեր եք ստանում այս խնդիրների հետ կապված: Իրականում, դա կա. ԵՄ-ն և նրա անդամ պետություններն արդեն քանի տարի է խստացնում են իրենց միգրացիոն քաղաքականությունը, և վերջին դրսևորումը եղավ միգրացիոն ռազմավարության ընդունումը 2020 թվականի աշնանը: Նրանք ընդունեցին այսպես կոչված «Միգրացիայի և ապաստանի պակտը»: Այդ փաստաթուղթը մեծ հաշվով նախանշում է այն հիմնական ուղղությունները, որոնցով փոխվելու է ԵՄ-ի և անդամ երկրների միգրացիոն քաղաքականությունը: Դրա մեջ նախանշված են նաև փոփոխություններ, որ պետք է  կատարվեն, այսպես կոչված, վերադարձի դիրեկտիվում: Այս դիրեկտիվը բավական լայն պայմաններ է նախատեսում. ապաստանի հայցից հետո ժամկետներ կան ուսումնասիրության համար և այլն, հետո դատական պաշտպանության համակարգեր, որոնք կարող են տևել տարիներ: Այս նոր փոփոխությունները դեռևս ուժի մեջ չեն մտել, դրանք երկար ժամանակ քննարկվում են: Բայց դրանց էությունը լինելու է հետևյալը, որ ակնհայտ անհիմն ապաստանի հայցի դեպքում մարդուն նույնիսկ տրանզիտ գոտուց չեն թողնելու մուտք գործել ԵՄ անդամ պետության տարածք: Այսինքն պահելու են տրանզիտ գոտում, և 24 ժամվա ընթացքում պետք է կազմակերպվի իր վերադարձը ծագման երկիր: Այդ կարգավորումը դեռևս չի գործում, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք կա. արդեն մի քանի տարի է մեր կողմից իրազեկման լայն աշխատանքների շնորհիվ ակնհայտ է ապաստանների հայցերի նվազումը: Մեր ժողովուրդը շատը հաճախ ընկալում էր, որ ԵՄ-ում ապաստանի համակարգը, այսպես ասած, անվճար առողջապահություն ապահովելու ձև է, ինչն այդպես չի, և մենք փորձում ենք դա բացատրել մեր հայրենակիցներին: Դա արդեն բավական մեծ ընկալում է գտել: 2021 թվականի տվյալները դեռ ամփոփ չկան, բայց իմ ձեռքի տակ կան նախորդ վիճակագրական տվյալները, ըստ որի, ասենք, 2017-ին մենք ունեցել ենք 6800-ից ավելի ապաստանի հայցեր Հայաստանից, հետո նվազում է 2018-ին՝ 4700, 2019-ին՝ 3770 և 2020-ին, նաև կովիդով պայմանավորված, այդ հայցերի թիվը նվազել է մինչև 1200: Այսինքն այդ նվազումը շատ ակնհայտ է: Մյուս կողմից էլ գործում է ռեադմիսիոն համաձայնագիրը, որի շրջանակներում մենք իրականացնում ենք այդ երկրներում անօրինական գտնվող մեր քաղաքացիների հետ ընդունում: ԵՄ երկրներից եկած դիմումներից մոտ 80 տոկոսի դեպքում մենք հաստատում ենք տվյալ անձանց քաղաքացիությունը, և նրանք հիմնականում վերադարձվում են: Կարող է ժամանակային միջանցք լինի այդ հաստատման և վերադարձի միջև, հիմնականում դա տևում  է մոտ 6 ամիս: Դրա համար մենք խրախուսում ենք, որ հնարավորության դեպքում գոնե կամավոր վերադառնան մեր քաղաքացիները, որովհետև կամավորի դեպքում կգործեն նաև օժանդակության բազմաթիվ մեխանիզմներ, հարկադիր վերադարձման պարագայում մենք մի քանի օժանդակության մեխանիզմ ստեղծել ենք, բայց դրանք անհամեմատ ավելի քիչ են, քան կամավորի դեպքում: Ընդհանրապես, ինչպիսի՞ն է ՀՀ քաղաքացիների հոսքի դինամիկան դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք մեկնում են այնտեղ բնակություն հաստատելու: Որքանով է այդ հոսքը նվազել կամ աճել: Այս տարվա սկզբին Հայաստանից ելքի մոտավորապես 70-75 տոկոսը ուղղվում է դեպի Ռուսաստան: Դրանից հետո ԵՄ անդամ երկրներն են: Դեպի ԵՄ երկրներ հոսքը եղել է հենց միգրացիայի դրսևորումը: Մեծ հաշվով, այդ մեծ հոսքը եղել է ապաստանի տեսքով, ինչը սկսել է բավականին նվազել: Օրինակ, եթե 2018-ին Եվրոստատի տվյալներով ԵՄ-ում հայտնաբերված անօրինական միգրանտների 0,4 տոկոսն են եղել Հայաստանից, 2019-ին արդեն 0,3 տոկոսը, իսկ 2020-ին շարունակաբար նվազել է: Մենք ունենք նաև տվյալներ ԵՄ տարածքում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիների մասին: Այստեղ հիմնականում կրթական միգրացիան է, աշխատանքային միգրացիան: Բնականաբար, դրա չափերն ու ծավալները անհամեմատ են Ռուսաստանի հետ: Վերջին շրջանում զանգվածաբար ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու միտումը պահպանվե՞լ է: Ես չեմ կարող ասել՝ զանգվածաբար ինչ է նշանակում, բայց, այո, որոշակի աճի միտում կա: Դա վիճակագրությամբ երևում է: Ռեադմիսիայի համաձայնագրի գործելուց ի վեր վերջին տարիներին արդյոք մեծ է ԵՄ երկրներից Հայաստան տեղափոխված մեր քաղաքացիների թիվը: Ռեադմիսիայի շրջանակներում մեզ դիմում է ընդունող երկիրը, ոչ թե անձը: 2020-ին այս հարցում որոշակի նվազում կար, բայց դա հիմնականում պայմանավորված էր կովիդով: ԵՄ անդամ երկրներն իրենք էլ այլևս չէին կազմակերպում, օրինակ, չարտերային չվերթներ, բայց մենք հասել ենք այն կետին, որ վերջին 3-4 տարվա ընթացքում միջինը 1500-ի չափ անձանց վերաբերյալ ռեադմիսիայի հայցեր ենք ստանում: Նրանց 80-85 տոկոսի պարագայում մենք քաղաքացիությունը հաստատում ենք, և դրանից հետո մոտ 6 ամսվա ընթացքում նրանք վերադարձվում են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
30-11-2021 13:50