Փոխվարչապետը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել են Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը

30-11-2021 15:20

Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ ներկա են գտնվել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը: Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին: Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019թ.: 2021թ. շինարարական աշխատանքները վերսկսվել են նոր նախագծով: Վերակառուցման ծախսերը կազմել են 688 միլիոն ՀՀ դրամ: Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 միլիոն ՀՀ դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ: 1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը սկզբում կրել է «Հոբելյանական» անվանումը: 1985թ. այստեղ անցկացվել է Աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի՝ Կոլումբիա-Թունիս հանդիպումը:

Lragir.am,
30-11-2021 15:20