Ջուրը պաշտոնապես թանկացավ

30-11-2021 16:15

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում  ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր: Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումը: Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու  նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է №24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում: Նոր սակագները կգործեն  2022 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Lragir.am,
30-11-2021 16:15