Հայաստան հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սկսել է աշխատանքները

30-11-2021 17:04

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ճշմարտությունը վերհանել, հաստատել կամ հերքել միջոցների օգտագործման օրինականությունը, կասկածները փարատել: «Արմենպրես»– ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 30-ին հանձնաժողովի անդրանիկ նիստում այս մասին վստահեցրեցին պատգամավորները: Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով, իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կազմված է 11 անդամից: Հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն է: Հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունն ունի 3 ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ»-ը՝ 1 ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 ներկայացուցիչ: Հանձնաժողովը ստեղծված է 6-ամսյա գործունեության ժամկետով: «Մեր հայրենակիցների, Հայաստանին և Արցախին աջակիցների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները փոխանցվել են ՀՀ պետբյուջե, և հանձնաժողովի առջև խնդիր է դրված փոխանցման և օգտագործման օրինականությունը ստուգելը, ուսումնասիրելն ու եզրակացություններ տալը»,-ասաց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ այդ կարճ ժամանակում պետք է հասնեն հանձնաժողովի առջև դրված խնդրի արդյունավետ լուծմանը: Առաջին նիստում հանձնաժողովը հաստատեց օրակարգը: ՔՊ-ից Բաբկեն Թունյանը նկատեց, որ հանձնաժողովը ստեղծվել է սկիզբ առած կասկածի հիման վրա: «Իմ կարծիքով՝ այդ վստահությունը կորսվել է անհարկի մեղադրանքների պատճառով: Եթե քննիչ հանձնաժողովը վերջում գա այն եզրակացության, որ հիմնադրամի կողմից բյուջե փոխանցումը եղել է արդարացված և միջոցներն օգտագործվել են արդյունավետ, արդյոք մենք գործընկերային հայտարարո՞ւմ ենք, որ այն, ինչ մինչև հիմա հնչեցվել է, եկեք դնենք մի կողմ, իրականում խնդիր գոյություն չի ունեցել և դրանով վերականգնենք հիմնադրամի նկատմամբ վստահությունը՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններին»,-ասաց պատգամավորը: Մինասյանն որպես հանձնաժողովի նախագահ արձագանքեց. «Մեր նպատակը ճշմարտությունը վերհանելն է, հաստատել կամ հերքել միջոցների օգտագործման օրինականությունը, եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք տալ և մեղավորներին բացահայտել, պատժի ենթարկել, համապատասխան վարույթները հարուցել, վերականգնել ապօրինի օգտագործված գումարը, վերականգնել այն խաթարված հեղինակությունը, որ ցավոք սրտի, հանրության տարբեր հատվածներում ձևավորվել է»: Հանձնաժողովի նպատակն է լիարժեքորեն փարատել հանրության մոտ ստեղծված կասկածները, եթե չկան չարաշահումներ, բացահայտել, ներկայացնել դրանք: Մինասյանն էլ հարցրեց՝ եթե բացահայտվեն չարաշահումներ, իշխանությունը պատրա՞ստ է ճշմարիտ ձևով ներկայացնելու սխալները, թերությունները: Թունյանը վստահեցրեց, որ ավելի շահագրգիռ կողմ, քան իշխանությունն է, չկա, որ այդ պրոցեսն ամբողջությամբ խոշորացույցով անցկացվի, եթե կան չարաշահումներ, ապա հետևանքներ ունենան: Հանձնաժողովը պետք է ընտրի նախագահի տեղակալ, հաստատի աշխատակարգը: Հանձնաժողովը նաև հարցեր կուղղի կառավարությանը:

Lragir.am,
30-11-2021 17:04