Հարցերից փախչող կառավարություն ունենք

30-11-2021 18:17

2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը: Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին: Առանց մրցույթի` միջոցառման կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից: ԶԼՄ-ներում այս փաստը բազմաթիվ հարցեր էր առաջացրել: ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում այս թեմայով «բուռն» երկխոսություն եղավ իմ եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջեւ: Հետո վերջինս լրագրողներին ասել էր, որ որոշ ժամանակ կսպասի, այնուհետեւ ես համապատասխան տեղում պատասխան կտամ: Կարծեմ  նրա «որոշ ժամանակը» դեռ չի անցել: Մինչ այդ ես 08 նոյեմբերի 2021թ. պաշտոնական հարցում էի ուղարկել Վարչապետի աշխատակազմ: Ահա այն. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 3-ի 1-ին մասի 11-րդ կետին համապատասխան, խնդրում եմ՝ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնակատարության կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ընկերության եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրի եւ կատարողական ակտի  կրկնօրինակները: Ո՞րն է հենց «Դոմինո փրոդաքշն» ընկերությունն ընտրելու հիմնավորումը, երբ դաշտում բազմաթիվ այլ փորձառու, տեխնիկապես հագեցած ընկերություններ կան: Պաշտոնապես հաստատել, որ տոնակատարության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ հատկացում չի արվել: Տոնակատարության համար «Դոմինո փրոդաքշնը» ո՞ր կազմակերպություններից եւ անհատներից է հայթայթել մեկ միլիարդ դրամը գերազանցող գումարը՝ նշելով ստացված միջոցների կամ նվիրատուների տվյալները, ֆինանսական կամ գույքային մասնակցության չափը, եղանակը (կանխիկ, վճարումներ կամ բանկային փոխանցումներ): «Դոմինո փրոդաքշն»-ի ծախսման ուղղությունները, նշելով ֆինանսավորում ստացած կազմակերպությունների եւ անհատների տվյալները, նրանց ստացած ֆինանսավորման չափն ու եղանակները, նրանց ընտրության սկզբունքները եւ կարգը (կցելով հաապատասխան պայմանագրերի պատճենները: 2021թ. սեպտեմբերի 21-ին պետական միջոցառմամբ նշվել է ՀՀ անկախության 30-ամյակը: Կարծում եմ, վստահ եմ՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալ, թե ո՞ւմ միջոցներով է կատարվել իրենց անկախ պետականության հոբելյանը: 17 նոյեմբեր 2021թ. ստացել եմ հետեւյալ պատասխանը. «Հարգելի՛ պարոն Վարդանյան, Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք հետևյալը. Անկախության 30-ամյակին նվիրված ծրագիրը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը: ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է Անկախության տոնի վերաբերյալ ծրագրային առաջարկ, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված արարողությունների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը: Հայտնում ենք, որ պետական և /կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել: Ձեր կողմից մատնանշված՝ «Դոմինո փրոդաքշն» ընկերության հայթայթած գումարների, ինչպես նաև ծախսման  ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը չի հանդիսանում հարցի հասցեատեր: Միաժամանակ անհասկանալի է «Դոմինո փրոդաքշն» ընկերության նկատմամբ ձևավորված հետաքրքրվածությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների միջոցառումների կազմակերպման ժամանակ նմանատիպ համագործակցություն եղել է նաև ոլորտի այլ փորձառու ընկերությունների հետ»: Ահա այսպիսի անհոդաբաշխ պատասխան: 1-ին հարցի՝ կառավարության եւ ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը եւ կատարողական ակտի օրինակները չեն ուղարկվել: 2-րդ հարցի՝ ինչո՞ւ հենց «Դոմինո փրոդաքշն»-ը անհիմն հիմնավորում է տրված: Ինչո՞ւ մրցույթ չեք արել, դիմե՞լ եք այլ փորձառու ընկերությունների, պատասխան չկա: 3-րդ հարցը. պաշտոնապես հաստատում են, որ պետական բյուջեից հատկացում չի արվել: Սա լավ է, արձանագրենք փաստը, թող մնա: 4-րդ, 5-րդ հարցերն անպատասխան են: Ասեմ նաեւ, որ ԶԼՄ-ների՝ այս բնույթի հարցերին տվյալ ՍՊԸ-ն ուղղակի չի պատասխանում:  Հիմա՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկատմամբ ձեւավորված՝ նաեւ իմ «անհասկանալի հետաքրքրվածության» մասին: Այս ընկերությունն է նկարել «Իմ քայլի» ԱԺ վերջին ընտրությունների հոլովակները: Մամուլում արձանագրվել է Արայիկ Հարությունյանի եւ «Դոմինո»-ի առնչությունը: Ընդհանրապես այս ընկերության պատմությունը, կապերը (նաեւ օտարերկրյա) շատ հետաքրքիր են: «Դոմինո»-ի նկարած ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, կինը, Արարատ Միրզոյանը: Ընկերության ղեկավարին ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը: Տեսնո՞ւմ եք՝ շատ հետաքրքիր է: Տարբեր փորձառու ընկերություններ «գունագեղ» միջոցառման ծախսը գնահատում են առավելագույնը 400-450 միլիոն դրամ: 2.5 անգամ պակաս 1-1.2 միլիարդից: Արդյո՞ք փողերի լվացում, արդյո՞ք կոռուպցիա: Այս հարցերի պատասխանները մի օր ջրի երես են գալու: Չկասկածեք: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «Դոմինո փրոդաքշն»-ը 2019, 2020 թվականներին եւ 2021թ. տասը ամիսներին զրո դրամ ԱԱՀ եւ շահութահարկ է վճարել պետական բյուջե: Եկամտահարկի թվերն այսպիսին են. 2019թ.՝ 5 միլիոն 806 հազար դրամ, 2020թ.՝ 5 միլիոն 154 հազար դրամ, 2021թ. տասը ամիսներ՝ 3 միլիոն 766 հազար դրամ: Կարծում եմ՝ սա եւս չափազանց հետաքրքիր է: Եւ ընդհանրապես ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչն առերեւույթ առնչվում է Արայիկ Հարությունյանին: Օրինակ, այս Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է եղել «Դոմինո փրոդաքշն»-ի գրասենյակում: Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը, ժողովրդավար թափանցիկներ ջան: Աղվան Վարդանյան ՀԳ. Լուսանկարում՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկարահանած «Կիլիկիա» ֆիլմի պրեմիերան է «Երեւան Մոլ»-ում

Lragir.am,
30-11-2021 18:17