ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինքեն

30-11-2021 21:10

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առանցքային խնդիր է համարում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև վստահ է, որ այն նորացման անհրաժեշտության ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ըստ «ՏԱՍՍ»-ի, Լատվիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Պետքարտուղարը վստահեցրել է, որ Բայդենի համար առաջնահերթություն է դաշնակիցների հետ փոխգործակցության ակտիվացումը ՝ սկսած ՆԱՏՕ-ից: ԱՄՆ պետքարտուղարը նշել է ՆԱՏՕ-ի ամբողջական արդիականացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ռազմավարական հայեցակարգը, որի շուրջ մենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցինք վերջին գագաթնաժողովում, այժմ ամբողջությամբ իրագործվի»,- նշել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը: «Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք շատ աշխատանք ունենք անելու բոլոր հարցերի շուրջ՝ սկսած սպառազինությունների վերահսկողությունից, զինաթափումից և չտարածումից մինչև մարտահրավերները Արևմտյան Բալկաններում և, իհարկե, Ռուսաստանի տագնապալի գործողությունները Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև այն, ինչ մենք տեսանք Բելառուսում, և միգրանտների օգտագործումը որպես քաղաքական զենք»,- ընդգծել է Բլինքենը՝ խոսելով Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին:

Lragir.am,
30-11-2021 21:10