Հանրությանը ներկայացվեցին բացառիկ հնագիտական նմուշներ Շահումյանի նորահայտ դամբարանից

30-11-2021 21:46

Ժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվեցին վաղ բրոնզեդարի Կուր-արաքսյան մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Շահումյանի դամբարանը հայտնաբերել է Մուշեղ Հարությունյանը՝ իր այգում ծառատունկի ժամանակ: Հուշարձանի և տարածքի ուսումնասիրությունը սկսվել է այս տարվա օգոստոս ամսին: Մուշեղ Հարությունյանի խոսքով, եթե պարզվի, որ  հարակից տարածքները ևս հնագիտական նշանակություն ունեն, ապա կտրամադրեն այդ նպատակներով: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը աշխատանքների առաջին իսկ օրերին պարզել է, որ պեղվում է մ․թ․ա․ III հազարամյակի առաջին քառորդով ժամանակագրվող խիստ ուշագրավ մի դամբարան: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումների ընթացքում հայտնաբերվել է դամբարան, որը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ: «Անսպասելի կերպով պարզվեց, որ այն հսկայական օբյեկտ է, որը պարունակում էր ավելի քան 30 հանգուցյալի կմախքներ և իրենց ուղեկցող իրեր՝ ավելի քան 60 կավից, մոտ 100 բրոնզե իր, հազարավոր ուլունքներ տարբեր նյութերից պատրաստված և այլն»,-ասաց նա: Բադալյանը շեշտեց, որ միանշանակ շարունակելու են աշխատանքները և հույս ունեն, որ կավարտեն ամբողջ ուսումնասիրությունը, քանի որ այն  արտասովոր հուշարձան-դամբարան է: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորեց բոլորին նմանատիպ բարձրարժեք գտածոների կապակցությամբ: Փոխնախարարը նշեց, որ կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է այսուհետև Հայաստանի ընդերքի գանձերը դարձնել հանրային սեփականություն, և ջանք չխնայել իրականացնելու միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն մեր արժեքների հանրայնացմանը     Ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայաստանի պատմության թանգարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը:

Lragir.am,
30-11-2021 21:46