Կամ մենք պետք է կամք ունենանք նորից հայտարարելու վերամիավորման մասին, կամ ուղղակի սա նշանակում է «ձեռքերը լվանալ» Արցախից

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը Պարոն Գինոսյան, նախատեսվում է դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու համար հանձնաժողով ստեղծել: Այս գործընթացի շրջանակներում հղում է կատարվում ԽՍՀՄ քարտեզներով սահմանազատում իրականացնելուն: Դուք ի՞նչ վտանգ եք տեսնում: Իսկ ո՞վ է ասել, որ ԽՍՀՄ քարտեզներն են հիմքը: Եվ ո՞վ է ասել, որ Խորհրդային միությունը ճիշտ էր այն դեպքում, երբ այդ սահմանը գծվել է աշխարհի կողմից երկու չընդունված պետությունների ձեռքով: Աթաթուրքի չճանաչված իշխանության և Սովետական Բոլշևիկյան կուսակցության միջև է ստորագրվել դա, և Կարսի կամ Մոսկվայի պայմանագրերը՝ 1921 թվականին ընդունված, որևէ մեկի կողմից ճանաչված չէ մինչ օրս: Դեռ բավարար չէ դա մեր կողմից ճանաչվում է, հիմա էլ սահմանագծման հիմք է: Երեսուն տարի գոյություն ուներ մեկ այլ սահման, ինչո՞ւ հենց ԽՍՀՄ սահմանը, որն ամենահակահայկականն է: Ինչո՞ւ ենք մենք ճանաչում հենց այն սահմանը, որը ձեռնտու է և ռուսական կայսրությանը, և Ադրբեջանին, ո՞րն է այդ նախապայմանը և ո՞վ է ասել, որ հենց դա հիմք պետք է ընդունվի: Ոչ ՄԱԿ-ն է այդ մասին բարձրաձայնել, ոչ եռանախագահողները: Այսինքն՝ որևէ միջազգային ատյան այդպիսի որոշում չի կայացրել: Խորհրդային միության տարիներին այդ սահմաններն անընդհատ փոփոխվել են ի վնաս Հայաստանի: Ո՞վ է որոշելու՝ որ թվականի խորհրդային քարտեզը, որովհետև 1930-ական թվականներին Հայաստանի Սոցիալիստական հանրապետություն կոչվածը 2-3 հազար քմ-ով ավելի մեծ էր, երբ Արծվաշենը անկլավ չէր, Տիգրանաշենն իրենց ձեռքին չէր, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածներն իրենց կողմը չէր: Այսօրվա իրավիճակում մենք դառնում ենք խոցելի՝ և ռազմավարական, և տնտեսական առումով, որովհետև հասկանում ենք, որ այսօր  ծիծաղելի է Իրանի հետ լուրջ առևտրաշրջանառության մասին խոսել: Հայաստանն ի՞նչ հնարավորություններ ունի այս գործընթացից դուրս գալու համար: Կարծում եմ՝ նման պարտվողական հոգեբանությամբ իշխանությունը ոչ մի շանս չունի, որ հնարավորինս զիջումների չգնա: Եվ այս տեսանկյունից մենք պետք է հոգեփոխվենք և առաջնային մեր դիվանագիտական գաղափարախոսությունը փոխենք, ոչ պատվողական դիրքերից հանդես գանք: Հիմա գոռում են, թե չկրակելու ոչ մի հրաման չի եղել: Բայց ասում էին՝ Սև լճի 30 տոկոսը պահելու համար նպատակահարմար չէր կռվել: Կներեք, դա ո՞վ է որոշում: Այդ տարածքն իմ Հայաստանի Հանրապետության տարածքն է, ո՞վ է որոշել՝ նպատակահարմար է կռվել, թե չէ: Դա հենց չկրակելու հրամա՞ն չէ, դա երկիրը հանձնելու հրամա՞ն չէ: Այսինքն՝ եթե մենք այս դիվանագիտությունը կամ դիվանագիտական գաղափարախոսությունը չփոխենք, ոչ միայն ոչ մի շահ չենք ունենալու և կորուստներ ենք արձանագրելու, այլ գնալով այդ կորուստներն ավելի մեծանալու են: Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ախորժակն, ինչպես ասում են, ուտելուց է գալիս: Իրենք մեր հայրենիքի վրա «խումար» են խաղում՝ երեք պետություն, դրան նպաստում է չորրորդը՝ Հայաստանի Հանրապետությունը: Սա նույնն իրավիճակն է, որում Սյունիքում վարած պատերազմի ժամանակ Նժդեհն էր հայտնվել՝ նա միաժամանակ կռվում էր Թուրքիայի, Ադրբեջանի, Սովետական Ռուսաստանի դեմ, միաժամանակ՝ ներքին տականքի՝ հայ բոլշևիկի դեմ: Այսինքն՝ պատմական առումով ոչինչ չի  փոխվել, նույն իրավիճակն է: Դուք ասում եք՝ ո՞վ է որոշել, որ պետք է ԽՍՀՄ քարտեզները հիմք ընդունվեն, օրերս Սյունիքի մարզպետն ասաց, որ նախորդ տարեվերջին, հղում անելով ԽՍՀՄ սահմաններին, ռուսական կողմն է հրահանգել հայկական կողմին նահանջել Սյունիքում: Ո՞վ է Ռուսաստանը, որպեսզի մեզ հրամայի: Ի սկզբանե այդ եռակողմ հայտարարությունում գրված էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են: Եվ դրա տակ Ռուսաստանը ստորագրել է: Ինչի՞ հիման վրա մենք պետք է Ռուսաստանի ցանկացած քմահաճույք և ցանկացած բարբաջանք իրականացնենք: Ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք, պարոն մարզպետ, ՀՀ Սյունիքի մարզպետն եք, ոչ թե Ռուսաստանի գուբերնյա: Սա ուղղակի պետական դավաճանություն է: Բա որ վաղն էլ Իսրայելը մեզ հրաման տա, հետո ԱՄՆ-ն, հետո Վրաստանն էլ հրաման տա՝ թե Լոռիից դուրս եկեք: Ի՞նչ, մենք պետք է մեր տարածքներից դուրս գա՞նք: Սա Ռուսաստանի կողմից սեփական իշխանության գերազանցում է, որովհետև որևէ պայմանագրում չկա նման կետ, որ ինչ-որ մեկը մեզ իրավունք ունի հրաման տալու: Մեր երկրի ղեկավարն ինչ-որ եռակողմ փաստաթուղթ է ստորագրել, որը թղթի կարգավիճակ ունի, որովհետև ոչ խորհրդարանում, ոչ ՍԴ-ում որևէ իրավահաստատում չի անցել, և մենք դրա հիման վրա ինչ պետք է տալիս ենք: Բա որ վաղը ձեր տունն էլ ուզեն, պարոն մարզպետ: Եթե համաձայնություն լինի, որ ԽՍՀՄ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը, Արցախի հարցն ի՞նչ է լինում: Բնականաբար, եթե մենք ընտրում ենք խորհրդային սահմանները, դա ուղղակի դավաճանություն է: Մյուս կողմից էլ՝ մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանի սահմանն այդքանով սահմանափակվում է, ինչը նախորդ երեք նախագահների մեծագույն սխալն էր: Մենք գոռում էինք, որ Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանին, և այդ որոշումը կա՝ Հայաստանի խորհրդարանի՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումով, բայց մեզ ասում էին՝ Արցախի անկախությունը ճիշտ է: Ապացուցեք ձեր դիվանագիտության ճշմարտացիությունը՝ որտե՞ղ է Արցախը հիմա և որքանո՞վ է անկախ: Կամ մենք պետք է կամք ունենանք նորից հայտարարելու վերամիավորման մասին, կամ ուղղակի սա նշանակում է «ձեռքերը լվանալ» Արցախի հիմնախնդրից և Արցախին թողնել ռուս-թուրքական տանդեմի քմահաճույքին: Այլ խնդիր է, թե Արցախի բնակչությունը ինչքանով կենթակվեն այդ որոշմանը և ինչքանով դա նոր ընդհարման չի բերելու: Բնականաբար, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կունենա Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը, ազգը գնալու է իր հայրենիքի մի մասին և իր ազգի մի մասին պաշտպանելու, սատարելու: Բնականաբար, նոր պատերազմ է սկսվելու, և դրա հեղինակը կլինի մեր իշխանությունների անհեռատես դիվանագիտությունը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
30-11-2021 22:56