Թուրքիայում հայ համայնքին և այլ փոքրամասնություններին ահաբեկելու նոր ձևեր են ի հայտ եկել․ ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»

06-12-2021 16:05

ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»-ն իր կողմից պատրաստված զեկույցում Թուրքիային մեղադրել է կրոնական փոքրամասնությունների շուրջ թշնամական քաղաքական միջավայր ստեղծելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yeniakit.com.tr-ն: Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը հանդուրժում է երկրի, ինչպես մահմեդական, այնպես էլ ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների դեմ ուղղված ատելության խոսքն ու բռնության ակտերը, և ընդգծվում, որ  հատկապես Թուրքիայի հայ համայնքի և այլոց ահաբեկման ենթարկելու նոր ձևեր են ի հայտ եկել: Շեշտված է, որ հայկական կրոնական ժառանգությունը վտանգի տակ է և  ընդգծվում է, որ թուրքական կառավարությունը շարունակաբար միջամտել է կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին: «2013 թվականից ի վեր Թուրքիայի կառավարությունը խոչընդոտում է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների  խորհուրդների նոր անդամների ընտրության գործընթացին: Այդ գործելաոճն, աստիճանաբար, նվազեցնում է նրանց (իմա.՝ խորհրդի անդամների)  թիվը մահվան և հիվանդության պատճառով, մեծացնում է առօրյա աշխատանքային դժվարությունները, ինչպես նաև՝  վնասում է այնպիսի համայնքներին, ինչպիսին է, օրինակ, Հայ Առաքելական Եկեղեցին: Բացի այդ  COVID-19 համավարակը և Լեռնային Ղարաբաղում պատերազմը նպաստել  են հակահայկական դավադրություններին և բողոքի ցույցերին»,-ասված է զեկույցում: Զեկույցում ընդգծված է նաև Թուրքիայում հակասեմականության աճը և ալևի համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները:

Lragir.am,
06-12-2021 16:05