Չի կարելի թույլ տալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դառնա բացառապես հումանիտար հարցերով զբաղվող հարթակ

Մեր զրուցակիցն է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ​Ստոկհոլմում այդպես էլ չկայացավ Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպումը: Միայն Հայաստանի ԱԳ խոսնակը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չկայացավ այդ հանդիպումը: Առաջին հերթին, կարծում եմ, նախքան հանդիպման մասին հստակ պայմանավորվածության ձեռքբերումը չարժեր ԱԳՆ մակարդակով տարածել այդ լուրը: Ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական աղբյուրները լռում էին այդ մասին: Այնուհետև, երբ հստակ էր, որ հանդիպում տեղի չի ունենալու, ադրբեջանական կողմը նախահարձակ եղավ՝ նշելով, որ Բայրամովը հրաժարվել է հանդիպումից հայ պատգամավորների՝ Արցախ կայանալիք այցի պատճառով: Դա, իհարկե, անհեթեթություն է և պետք է հստակ գնահատականի արժանանար նաև մեր կողմից: Արդեն որերորդ դեպքն է, որ Բաքուն փորձում է արգելք դնել Արցախ կատարվող այցերի նկատմամբ: Մինչդեռ, հայկական կողմն ուներ իրական ծանրակշիռ պատճառ չգնալու նման հանդիպման, քանի որ նախօրեին Արցախում ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձ էր առևանգվել և սպանվել: Ցավոք, այս չկայացած հանդիպումից հետո համանախագահները միայն ափսոսանք էին հայտնում դրա վերաբերյալ, բացի այդ՝ պատրաստակամություն էին ցուցաբերում կազմակերպելու նման մի հանդիպում առաջիկայում: Մինչդեռ արդեն երրորդ անգամ Արցախում քաղաքացիական անձի սպանության փաստի վերաբերյալ լռություն է պահպանվում: Սա շատ խնդրահարույց է, և նաև հայկական կողմի թերացման հետևանք է, քանի որ մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ Բաքվի կազմակերպված, համակարգային հայատյաց քաղաքականությունը համարժեք գնահատականի արժանանա: Հայկական կողմը, կառուցողական լինելու հետ մեկտեղ, կարիք ունի հստակ ձևակերպելու իր օրակարգը, որի հիմքում պետք է դրվեն Արցախի հայության ազատ ինքնորոշման իրավունքն ու Շուշիի և Հադրութի դեօկուպացիան: Դեօկուպացիայի հարցին չանդրադարձավ անգամ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում իր ելույթի ժամանակ: Չի կարելի թույլ տալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դառնա բացառապես հումանիտար հարցերով զբաղվող հարթակ՝ չարձագանքելով Բաքվի կողմից արցախահայության դեմ իրականացվող ակնհայտ հանցագործություններին անգամ և թույլ տալով, որ Բաքուն արգելք դնի անգամ հայ պաշտոնյաների Արցախ կատարվող այցերի նկատմամբ: Բաքուն հրաժարվեց այս հանդիպումից մի քանի պատճառով, որից ամենակարևորն, ըստ իս, Արցախի հարցը «3+3» կամ ավելի ճիշտ՝ «3+2» ձևաչափ տեղափոխելու նպատակն է, ինչի մասին ակտիվորեն խոսում է թուրքական կողմը: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չեզոքացնելուն ուղղված առաջարկ է: Դրա մասին հրապարակային խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Վերջինս, անդրադառնալով այս ձևաչափին, նշել էր՝ «Մենք կարող ենք հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության՝ միայն նոր մտածելակերպի և ակտիվ դիվանագիտության միջոցով»: Այս ձևաչափը մերժել է Վրաստանը, իսկ հայկական կողմը հստակ դիրքորոշում չի արտահայտում՝ առաջարկելով նախ հասկանալ, թե ինչ օրակարգով է աշխատելու այս ձևաչափը: 3+2 ձևաչափի վերաբերյալ Հայաստանն ինչպիսի դիրքորոշում պետք է որդեգրի: Իմ համոզմամբ, Հայաստանը չպետք է մտնի այս ձևաչափի մեջ և ճիշտ կանի հստակ արտահայտի իր դիրքորոշումն այս հարցում, որովհետև սա հերթական հարվածն է լինելու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Թուրքիայի և Ադրբեջանի հետապնդած օրակարգը դա է, նրանք դա նույնիսկ չեն թաքցնում: Տեսեք՝ Վրաստանը հրաժարվելով, նշում է Ռուսաստանի հետ ունեցած իր խնդիրները, իսկ Հայաստանը որևէ խնդիր չունի՞ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Հայաստանի վարչապետի խոսքով՝ «Ադրբեջանը օկուպացրել է 41-45 քառ կիլոմետր մեր պետության ինքնիշխան տարածքից»: Բաքուն շարունակում է մեզ հետ խոսել ուժի և ուժի սպառնալիքի լեզվով: Կան ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Մոսկվա–Երևան–Բաքու եռակողմ ձևաչափը: Բացի այդ, վերջերս Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման շրջանակներում ընդունված հայտարարության տեքստում կար արձանագրում դեմարկացիայի գործընթացի մեկնարկի մասին: Մի կողմից, սա հետքայլ էր հայկական կողմի նախկին հայտարարություններից, մյուս կողմից՝ գործիք Ադրբեջանի ձեռքին՝ փորձել փակել Արցախի հիմնահարցը: Սրանք «ռումբեր» են, որոնք դրվում են Արցախի հիմնահարցի կարգավորման տակ: Ցավոք, այս ռիսկերը չեն հաշվարկվում և սխալ, օրով պայմանավորված գործողությունները միայն վնասում են մեր պետության շահերին: Նման գործելաոճը մեծացնելու է Բաքվի ու Անկարայի ախորժակը: Հրադադարի հաստատումից հետո վերջին մեկ տարվա իրադարձությունները դրա վառ ապացույցն են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06-12-2021 18:05