Փաշինյան-Քոչարյան տանդեմի սերտ համագործակցության դրվագ

06-12-2021 19:36

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծին: Նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից, եւ այլն: Իշխող մեծամասնությունը նախագծին դեմ է քվեարկել, պատճառաբանելով, որ «առաջարկվող հայտարարության նախագիծը իր բովանդակությամբ առավելապես ներքաղաքական է, պարունակում է Կառավարության հասցեին ուղիղ կամ անուղղակի անհիմն մեղադրանքներ և, ըստ էության, հանդիսանում է գործող ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլումը»: Կասկած չկա, որ իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկեր նաեւ այն պարագային, եթե հայտարարության տեքստում բացակայեին ներքաղաքական բաղադրիչն ու մեղադրանքները: Այդ պարագային սակայն իշխող ուժը փաստարկ չէր ունենա, եւ դա այլ իրավիճակ է առաջացնում: Մյուս կողմից, եթե Հայաստան դաշինքի համար առաջնային են ազգային խնդիրները, ինչն է խանգարում հայտարարության տեքստից հանել այդ ձեւակերպումները, որոնք առանց այդ էլ 7/24 ռեժիմով այս դաշինքին հարող մեդիան եւ փորձագետները սփռում են: Ո՞րն է խնդիրը՝ ՀՀ համար ճակատագրական հարցերի վերաբերյալ հայտարարությունն ընդունվի՞, թե առիթ տրվի մերժման: Սա առաջին դեպքը չէ, եւ ռուսական քվոտաներով կազմավորված խորհրդարանը Փաշինյան-Քոչարյան տանդեմով հեռու է պահվում կարեւոր խնդիրների քննարկումից ու որոշումների ընդունումից, դրանք կանխամտածված վերածելով էժանագին բազարների առարկայի: Կարդացեք նաեւ այստեղ

Lragir.am,
06-12-2021 19:36