ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

06-12-2021 19:43

2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունները գործող ազգակործան իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն էր: Գրանցված հաջողություների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցությունը՝ առանձնաբար և դաշինքներով, հաջողություն է գրանցել 18 համայնքներում և, կոալիցիոն ձևաչափով, տեղական իշխանություն կձևավորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Նախատեսվում է համագործակցություն ծավալել նաև այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ: Կայացած ընտրություններն անցան լարված, հակամրցակցային պայմաններում՝ պետական և տեղական իշխանության լծակների և ռեսուրսների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինությունների և ճնշումների պայմաններում: Ակնհայտ է՝ իշխանությունը պահպանելու և կենտրոնացնելու մոլուցքով տարված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականությունը տեղայնացնել նաև համայնքներում: Սակայն, քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի ակտիվ դիմադրությունն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների և աղետի առջև կանգնեցրած իշխանությունը մերժված է հանրության զգալի մասի կողմից: Տրված քվեների և ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին և գործընկերներին: Ապազգային իշխանության դեմ մեր պայքարը շարունակվում է. ուժերն առավել համատեղելու  դեպքում մեր հայրենիքի ու նրա զավակների համար կբացվեն նոր հնարավորություններ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Lragir.am,
06-12-2021 19:43