Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

06-12-2021 20:22

ՀՀ ԱԳՆ-ում դեկտեմբերի 6-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը: Ըստ աղբյուրի՝ երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ: «Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին: Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այդ համատեքստում կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատեց իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը: Կողմերն անդրադարձել են բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը: Նշվում է, որ այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Lragir.am,
06-12-2021 20:22