ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Էդուարդ Աղաջանյան

06-12-2021 20:40

Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Հայաստանը հետ քայլ չի անելու իր դիրքորոշումից, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հարցի լուծմանը հավատարիմ մնալու հետ կապված: Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, որովհետև սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե բոլոր կարևոր սուբյեկտները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները, ԵԱՀԿ անդամ պետությունները: Սա կարևոր է հանգամանք է»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը: Անդրադառնալով սահմանային անվտանգությանը, թե Հայաստանի, թե Արցախի սահմանին լարվածությանը, Ադրբեջանի զինուժի կողմից քաղաքացիական անձանց սպանություններին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր գործիքակազմերը, որ դեէսկալացիա տեղի ունենա եւ նմանատիպ դեպքերը բացառվեն:

Lragir.am,
06-12-2021 20:40