Ամենահուսադրող ցուցանիշն այն է, որ մահերի թիվն է նվազում

Lragir.am-ի զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը Պարոն Թադևոսյան, կորոնավիրուսային հիվանդացության թվերը Հայաստանում նվազում են, համավարակը հաղթահարվո՞ւմ է: Եկեք հավատանք, որ այո, հաղթահարվում է: Բայց դեռ դժվար է ասել, նամանավանդ, որ այս վիրուսն այնքան անսովոր է ու կոտրեց բոլոր կանոնները, որ դժվար է հստակ բան ասել: Համենայնդեպս վերջին երեք օրերին քիչ թվով դեպքեր են գրանցվում, և ամենահուսադրող ցուցանիշն այն է, որ մահերի թիվն է նվազում: Մահացության թվերը խոսում են այն մասին, որ ծանր դեպքերն են նվազել, բացի դա, հիվանդանոցները մի քիչ բեռնաթափվել են և կարողանում են ժամանակին ու լիարժեք օգնություն ցուցաբերել մարդկանց: Կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոնի» ի հայտ գալու մասին է հայտարարվել, ի՞նչ տեղեկություններ կան այս շտամի մասին: Դեռ շատ շուտ է այդ շտամի մասին խոսել, նույնիսկ ԱՀԿ-ն, որն այդ ամբողջ ինֆորմացիան կուտակում է, դեռ ռիսկ չի անում հստակ հայտարարություն անել: Համենայնդեպս, հայտարարված է, որ այսօրվա դրությամբ դեռ մահվան ոչ մի դեպք չի գրանցվել: Բայց չեն ասում, թե քանի ընդհանուր դեպք կա: Մենք նաև չգիտենք, թե ինչ տարիքային խմբերում է շտամը տարածվում, որ երկրներում է հիմնականում տարածվում: Լավ, Աֆրիկայից սկսվեց, հետո ո՞ւր գնաց: Կա ինֆորմացիա, որ աֆրիկյան ու ասիական ծագում ունեցող ժողովուրդներն ավելի հակված են այս շտամը ծանր տանելուն, քան մյուս ժողովուրդները: Բայց այդ ամբողջն այսօր հստակ չէ, սպեկույլացիաներ են: Ուղղակի չպետք է շտապել, մեր պրոբլեմներից մեկը նաև այն է, որ մենք հայտարարված ամեն ինչի միանգամից հավատում ենք: Նոր շտամերի ի հայտ գալու դեպքում արդյոք վիրուսը չպե՞տք է թուլանա: Ընդհանուր օրինաչափություն այդպիսին է` որքան մեծանում է վարակելու ու տարածվելու հնարավորությունը, այնքան ծանրությունը թուլանում է: Սկսած նրանից, որ ընդհանրապես վիրուսին այնքան էլ ձեռնտու չէ բոլորին սպանելը, ինքը կմնա «անտեր»: Հայաստանում իրավիճակը ձմռան ամիսներին կայո՞ւն կմնա: Ես չեմ իմանում՝ «օմիկրոնը» կգա Հայաստան, թե ոչ և ինչպես իրեն կդրսևորի, բայց եթե այսպես մնա, ինձ թվում է՝ մենք գնում ենք դեպի նվազում: Պաշտոնական թվերով՝ Հայաստանում գրանցված վարակի 340 հազարից ավելի դեպք ունենք: Այսինքն՝ մենք ունենք մոտ կես միլիոն վարակված առողջացած, որը կազմում է մեր բնակչության 1/5-ը՝ 20 տոկոսը: Դա քիչ է, բայց կան նաև չգրանցված՝ ասիմպտոմ դեպքեր: Ժամանակին ասում էին՝ այդ հարաբերակցությունը մեկը տասին է: Ինձ թվում է՝ այդքան շատ չէ, բայց եթե նույնիսկ մեկը երեքի էլ հաշվենք, արդեն վարակված անձանց թիվը մեկ միլիոնն անցնում է, պետք է որ իմունիտետ ձևավորվի: Եթե դրան գումարում ենք պատվաստումները, և եթե մի քիչ ավելի ինտենսիվ լինի այդ գործընթացը, միգուցե Հայաստանում այլևս պիկ չունենանք: Համենայնդեպս այդ հույսով ենք:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
06-12-2021 21:54