Մարտունի. պատերազմից մեկ տարի անց

08-12-2021 15:19

mediastepanakert.wordpress.com. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Մարտունի քաղաքը շատ է տուժել. ծանր հրետակոծություններն իրենց հետքն են թողել քաղաքի շինությունների ու մարդկանց կենցաղի վրա: Վնասվել է 900-ից ավելի շենք, ավերվել՝ 14 առանձնատուն: Մեկ տարի անց էլ պատերազմի հետքերն ամենուր են, չնայած բնակիչները ակտիվորեն վերակառուցում են իրենց տները: Մարտունեցիներից շատերը պատերազմից հետո վերադարձել են, նրանց են միացել նաև տարբեր բնակավայրերից տեղահանվածները, որոնք փորձում են իրենց տեղը գտնել նոր միջավայրում: Այստեղ շուրջ 170 տեղահանված ընտանիք է ապրում: Շաբաթ առավոտյան քաղաքի մի մասում շինարարություն է, մյուսում՝ խորովածի պատրաստություն, մեկ այլ տեղ երեխաները ֆուտբոլ են խաղում: Մարտունին մինչև պատերազմը ուներ 6228 բնակիչ, պատերազմից հետո այդ թիվն ավելացել է շուրջ 600-ով: Չնայած դրան՝ առևտրի կետերը պակասել են: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող փոքր մթերային կրպակներից մեկի աշխատակից Լյուդան ասում է, որ իր խանութի շրջակայքում նախկինում բոոր խանութներն ու սպասարկման կետերը գործում էին, իսկ հիմա այդ շարքում միայն ինքն է մնացել: Նա ասում է, որ պատերազմից հետո կյանքը փոխվել է․ հաճախորդներն են պակասել, նախկինի պես ուրախ չեն անցնում հարսանիքներն ու ծնունդները: «Առաջվա պես չէ․ նշում են նեղ շրջանակով, համեստ, առանց երաժշտության»: Ժենգյալով հաց թխող Նունեն արդեն 10 տարի է` Հադրութից տեղափոխվել է Մարտունի: Հերթական պատվերն է փաթեթավորում: Նրա խանութը քաղաքի ներքևի հատվածում է՝ մանկապարտեզի ու դպրոցի միջև: Մարտունիում գործում է երկու դպրոց՝ 1024 աշակերտով: Կենտրոնում գտնվող համար 2 դպրոցն անբարեկարգ է: Պատերազմի ժամանակ դպրոցի մոտ 7 արկ է պայթել, բայց դպրոցի այսօրվա անբարեկարգ լինելու պատճառը պատերազմը չէ: Վերջին 60 տարիներին դպրոցը չի վերանորոգվել. ընդամենը կարգի են բերվել մի քանի դասասենյակներ ու զուգարանները: Դպրոցում սովորում է շուրջ 460 աշակերտ, պատերազմից հետո նրանց է միացել տեղահանված 60 երեխա: Ալլան համար 2 դպրոցի սաներից է: Նա շատ լավ է հիշում պատերազմի օրերը, հայրիկի վիրավորվելը, չնայած ուսուցիչները խուսափում են դասի ժամանակ պատերազմի արհավիրքներին անդրադառնալ, երեխաներն էլ քիչ են քննարկում այս թեման: Ալլան պատմում է, որ Մարտունու խաղաղ բնակիչներից առաջին զոհը հենց իրենց դպրոցի աշակերտ էր: Մարտունիում առօրյա հունով են շարունակում աշխատել նաև մանկապարտեզը՝ 320 սանով, արվեստի դպրոցը, արհեստագործական կենտրոնը: Ակտիվ է նաև մարզական կյանքը: Պատերազմից հետո քաղաքի կենտրոնում գործող մանկապատանեկան մարզահամալիրում ավելացել է թե սաների, թե մարզաձևերի քանակը: Այստեղ շախմատի խմբակն է նորը, ասում է համալիրի տնօրեն և մարզիչ Վահե Գասպարյանը: Մարտունու «Ավագյան արենա» մարզադաշտում նույնպես աշխուժություն է: Այն վերակառուցվել է  2019 –ին, երբ Արցախում անց էր կացվում  անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ չճանաչված պետությունների հավաքականների մասնակցությամբ: Ընդամենը մեկ տարի հետո ադրբեջանական արկը դաշտի կենտրոնում բացել էր հսկայական փոս, որը մարտունեցիները շատ արագ վերականգնեցին: Հիմա մարզադաշտը միշտ մարդաշատ է՝ այստեղ խաղալու են գալիս նաև շրջանի համայնքների երեխաները: Այսօր կարծես թե խաղաղ է Մարտունում, չնայած հակառակորդը շատ մոտ է քաղաքին: Մարդիկ փորձում են նույնիսկ այդ պայմաններում նշել նաև ուրախ առիթներ: Խոստովանում են՝ ոչ առաջվա պես: Օպերատոր Կարեն Առստամյանը 23 տարի նկարահանում է Մարտունու ու շրջանի գյուղերի հարսանիքները, կնունքներն ու տարբեր հավաքույթներ: Պատերազմի օրերին իր տեսախցիկը թաքցրել էր գյուղում՝ հույսով, որ չի վնասվի, իսկ հեռախոսով ֆիքսում էր արկերի պայթյուններն ու հետևանքները, միջազգային լրագրողների աշխատանքը: Հաճախ էր պատահում, որ իրեն էին խնդրում ուղեկցել նկարահանումների: Պատերազմը նրա տուն է ներխուժել բառի ամենալայն իմաստով: Վիրավոր որդին՝ Արսենը, մեկ տարի է բուժում է ստանում վերականգնողական կենտրոններում: Արկի պայթյունից վնասված տանիքը արդեն փոխել է: Պատերազմը շատ բան է փոխել Մարտունիում: Շատերն են սպասում սոցիալական ավելի գործուն աջակցության, հատկապես ավերված տների թանկ արժեցող վերանորոգումների հարցում: Իսկ քաղաքում կյանքը շարունակվում է մուրճերի հարվածների ձայնի տակ: Հեղինակներ՝ Սիրանուշ Ադամյան, Հասմիկ Խաչատրյան, Մարտա Հարությունյան, Լինա Խաչատրյան, Ալյոնա Ավագիմյան, Քրիստինե Ղահրամանյան, Ասպրամ Ավանեսյան, Մարիա Աղաջանյան

Lragir.am,
08-12-2021 15:19