Այս գյուղերը միշտ հայկական են եղել, այնտեղ երբեք թուրք չի բնակվել

Մեր զրուցակիցն է Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը Պարոն Ավանեսյան, երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեցին Հին թաղերի ու Խծաբերդի հետ կապված, մասնավորապես այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այս երկու գյուղերը չպետք է անցնեին Բաքվի վերահսկողությանը: Վարչապետը նախ ասաց, որ մինչև վերջ կանգնած են եղել մեր զինվորները, և նշեց, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ են խառը այս պատմությանը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Նախ՝ այս գյուղերը միշտ հայկական են եղել, այնտեղ երբեք թուրք չի բնակվել: Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված վարչապետի հայտարարությանը, ես որևէ բան չեմ կարող ասել, մեզ ոչինչ հայտնի չէ: Մենք մինչև նոյեմբերի վերջ մնացել ենք, դրանից հետո բանակն է եկել հսկել, դրանից հետո այլևս չգիտեմ՝ ինչ է կատարվել: Երբ կամավորականներին փոխել են, բանակն է եկել, դրանից հետո կապ չենք ունեցել իրենց հետ: Հիմա Խծաբերդի բնակիչները որտե՞ղ են: Մեր բնակիչների կեսը Արցախում են, կեսը սփռված են տարբեր շրջաններում: Ով տուն է ունեցել կամ տուն է գտել, մնացել է Արցախում, մնացածն էլ եկել են Հայաստան: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ երկու գյուղերը կվերադարձվեն՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն դա պետք է մերը լիներ: Ես դա չեմ կարող ասել, ամեն ինչ էլ հնարավոր է լինի: Մինչև նոյեմբերի 12-13 էնտեղ էին, նկուղներում, նոյեմբերի վերջին տեղի ունեցավ հայտնի դեպքը: Խծաբերդցիներից շատե՞րն են արտագաղթել: Շատ քիչ են արտագաղթել: Այսօր շատ հադրութցիներ պայքարում են, որ փախստականի կարգավիճակ ստանան: Ի՞նչ եք Դուք մտածում հարցի հետ կապված: Այո, իրականում պետք է փախստականի կարգավիճակ տրվի, կորցրել ենք ամեն ինչ, ոչ տուն ունենք, ոչ տեղ, ոչ պայմաններ: Ասեք՝ 25000 դրամով ի՞նչ կարող ենք անել: Մենք ոչ մի բան չենք կարողացել հանել մեզ հետ, ամեն ինչ մնացել է գյուղում… 121 բնակչի մասին է խոսքը, ես դեռ Արցախում եմ` հույսով, որ ամեն ինչ լավ կլինի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
09-12-2021 10:54