Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության նոր դրվագներ

09-12-2021 14:22

Ոստիկանության հաղորդագրությունը Օրերս անդրադարձել էինք ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացահայտած մեքենաների համարանիշերի գողության դեպքերին: Հիշեցնենք, որ համարանիշեր գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց վարորդներից փող պահանջելու կասկածանքով Վաղարշապատի բաժին բերման էր ենթարկվել Էջմիածնի Պուշկինի փողոցում բնակվող 25-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին մեքենաներից գողացված համարանիշեր: Պարզվել էր, որ բերման ենթարկվածը պարբերաբար մեքենաներից համարանիշեր էր գողացել ու «տելեգրամի» միջոցով կապ հաստատելով տերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց պահանջել էր փող: Երիտասարդը ներկայացվել էր տարածքային նախաքննական մարմնին, որտեղ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 25-ամյա էջմիածինցին մենակ չի գործել, այլ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի հետ: Նա մայրաքաղաքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք: Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ նրանք միայն Էջմիածնում շուրջ 20 մեքենաների համարանիշեր են գողացել: Պարզվել է նաև, որ համարանիշեր են գողացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը, որոնք քաղաքացիները կարող են ստանալ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում: Այսինքն, մեքենայատերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են:

Lragir.am,
09-12-2021 14:22