Ինչու են Մոսկվան ու Անկարան ընտրել դեկտեմբերի 10-ը

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության շենքը   3 + 3 հարթակի առաջին հանդիպումը, որին Հայաստանը կմասնակցի, իսկ Վրաստանը ոչ, կկայանա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այս մասին գոհունակությամբ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը, իսկ երեկ Հայաստանի մասնակցության մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ հանդիպումը լինելու է փոխարտգործնախարարների մակարդակով, և Հայաստանը հարթակին կմասնակցի այն պայմանով, եթե այնտեղ չքննարկվեն այլ ձևաչափերի իրավասության ներքո գտնվող հարցեր: Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ օրը տեղի կունենա նախագահ Ջո Բայդենի հրավիրած «ժողովրդավարությունների գագաթնաժողովը», որին Նիկոլ Փաշինյանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը: Գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է ավտորիտարիզմի դեմ պայքարը, հրավիրված չեն Ռուսաստանը, Թուրքիան, Բաքուն և Իրանը,  իսկ Վրաստանն ու Հայաստանը ստացել են հրավերներ: Դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ ընթերցմամբ կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է միաձայն: Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության և 1991 թվականի հանրաքվեի օրն է, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին, թեև Հայաստանի և Արցախի խորհրդարանների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը ոչ ոք չի չեղարկել: Պատահական չէ, որ Մոսկվան 3 + 3 հանդիպումը նշանակել է դեկտեմբերի 10-ին: Մոսկվան և Անկարան ուզում են ցույց տալ, որ Հայաստանը ոչ թե քաղաքակիրթ աշխարհի հետ է, որն ունի իրավունքներ, այլ տարածաշրջանային «բանդայի», և այս տարածաշրջանը ղեկավարվում է ոչ թե միջազգային իրավունքով, այլ հետնամուտքից՝ Մոսկվայում և Անկարայում կայացված հանցավոր որոշումներով: Դեկտեմբերի 10-ին հայ պաշտոնյաների ներկայությունը Մոսկվայում, այլ ոչ թե Ստեփանակերտում՝ Անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված միջոցառումներին, կդառնա քաղաքական անմեղսունակության և ազգային դավաճանության ցուցիչ: Թե ինչ է 3+3-ը՝ մանրամասն այստեղ

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
09-12-2021 15:35