Չճշտված բազմաթիվ հարցեր կան, անընդհատ փորձելու են այս ընթացքում նաև օգտվել այս իրավիճակից․ պաշտպանության փոխնախարար

09-12-2021 15:45

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին: «Այս պահին իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, և իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, որը տարածվել է: Կխնդրեմ պաշտոնական լրահոսին հետևել, հավատալ, վստահել և խուճապ տարածող տեղեկատվություն չտարածել»,- ասաց նա: Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ: Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի այս սահմանային լարվածությունը, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Բնականաբար, չճշտված բազմաթիվ հարցեր կան: Եվ անընդհատ փորձելու են այս ընթացքում նաև օգտվել այս իրավիճակից, որովհետև խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը: Նաև ես անընդհատ փորձում եմ խուսափել սահմանին և սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանել, դրան դուք ինչ-որ որակումներ եք տալիս, բայց կխնդրեմ դուք էլ հասկանաք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, նուրբ հարցեր են: Եթե դուք Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալու է, թե՞ ոչ: Մարդկանց վստահաբար ասում ենք, որ մեր սահմանները պաշտպանվում են ԶՈւ ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ուենցած բախումների ժամանակ զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործողություններով ապացուցեցին: Կհորդորեմ ու կխնդրեմ այս հարցերի վերաբերյալ չափից ավելի տեղեկատվություն չակնկալել, որովհետև դրանով դուք չեք օգնելու»,- հավելեց նա:

Lragir.am,
09-12-2021 15:45